‘
ԳԴՀ արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ G 20-ին մասնակցելու նպատակով Համբուրգ այցելած Ռեջեփ Թայիփ Էրդողանը չպետք է ելույթ ունենա իր հայրենակիցների առջև: Զիգմարն այդ հայտարարությունն արել է Ռուսաստան մեկնելու ճանապարհին, որտեղ նա հանդիպելու է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք բաց երկիր ենք,- ասել է Զիգմարը:- Բայց մենք ոչ մի նպատակ չունենք ներքին քաղաքական հակամարտություններ հասունացնելու այլ ազգերի ներկայացուցիչ քաղաքացիների շրջանում: Մեզ համար թուրքերը գերմանական հանրության մի մասն են: Այստեղ ապրող բոլոր մարդիկ, անկախ նրանից՝ գերմանական քաղաքացիություն ունեն, թե ոչ, մեր հասարակության անդամներն են»:
ԳԴՀ-ում թուրքական հանրապետության դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուն գերմանացի քաղաքական գործչի՝ Թուրքիայի նախագահի այցից առաջ արված այդ հայտարարությունը անմիջապես որակել է «ցավալի»:
Մինչդեռ գերմանական ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները դեռ երկու շաբաթ առաջ են Անկարային խորհուրդ տվել փորձեր չձեռնարկել հանդիպում կազմակերպելու ԳԴՀ-ի թուրքական 3 միլիոնանոց համայնքի ներկայացուցիչների հետ: Սակայն Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության խոսնակը «միանգամայն բնական» է համարել նախագահ Էրդողանի՝ թուրքական համայնքի հետ հանդիպելու ցանկությունը:
Անցյալ շաբաթ կրակին յուղ է ավելացրել Գերմանիայի կանցլերի պաշտոնին հավակնող Մարտին Շուլցը, որը հայտարարել է, թե չի ուզում դառնալ Էրդողանի մասնակցությամբ զանգվածային ակցիաների ականատեսը՝ այն ժամանակ, երբ Թուրքիայում կալանքի տակ են մնում ընդդիմության ներկայացուցիչներ և լրագրողներ:
Դրանից առաջ էլ Գերմանիայի իշխանությունները երկրի մուտքն արգելել էին Էրդողանի թիկնազորի համար, որը Վաշինգտոնում նրա այցի ժամանակ ծեծկռտուք էր սարքել Սպիտակ տան առջև:
Փոխանցում է euronews-ը:
‘