‘Բեռլինյան պատի անկման հոբելյանը. 8000 փուչիկ երկնքում’

906

Կիրակի երեկոյան Բեռլինում 8000 փուչիկ է օդ բարձրացել Բեռլինյան պատի անկման 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Գերմանիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղի են ունեցել բացօթյա համերգներ, ցուցահանդեսներ և հրավառություններ:

Բեռլինյան պատի 15 կիլոմետրանոց հատվածը հազար լուսարձակող փուչիկներով «վերականգնվել է» «Լուսային սահմանի» տեսքով: Տեղական ժամանակով ժամը 21:45-ին՝ այն ժամին, երբ 25 տարի առաջ պատի չեղքված հատվածով Արևմտյան Բեռլին էին ներխուժել բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ, փուչիկներն օդ են բարձրացել: Բեռլինյան պետական նվագախումբը, Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ, կատարել է «Ձոն ցնծության»-ը Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայից:

Բեռլինի պատը կառուցվել էր 1961 թ.: Այդ կերպ Արևելյան Գերմանիայի իշխանություններն ուզում էին կանխել իրենց քաղաքացիների փախուստն Արևմուտք:

1989 թ. պատի անկումը խորհրդանշում էր սառը պատերազմի ավարտը: Դրանից մեկ տարի անց տեղի ունեցավ Գերմանիայի միավորումը:

«1964-1989 թթ. ընթացքում ԳԴՀ-ն ԳՖՀ-ին է վաճառել 33 775 քաղբանտարկյալների և ազգակցական կապեր ունեցող 250 հազար մարդու՝ այդպիսով վաստակելով 3,5 մլրդ մարկ»,- նշում է պատմաբան և գրող Անդրեաս Ապելտը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր կիրակնօրյա ուղերձում հիշատակել է Բեռլինի հանդիսությունների մասին: «Որտեղ պատ է շարված, այնտեղ սրտերը գերության մեջ են: Մեզ հարկավոր են ոչ թե պատեր, այլ կամուրջներ»,- Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին ասել է պապը:

Հանդիսությունների ընթացքում Անգելա Մերկելին, որպես պատվավոր հյուրեր, ուղեկցել են լեհական արհմիութենական «Սոլիդարնոստ» շարժման ղեկավար և Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան և խորհրդային նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը՝ երկու քաղաքական գործիչներ, որոնց անվան հետ է ասոցացվում կոմունիզմի տապալումը   Արևելյան Եվրոպայում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ հերթական քառօրյան (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը’24 ժամվա ընթացքում Երևանում գրանցվել է ինքնասպանության 3 փորձ’