‘Բեռլին. Մոսկվան կեղծ լուրեր է տարածում ՄԱԿ-ի նոր ղեկավարի ընտրությունների մասին’

1762

Բեռլինը «սուտ» է անվանել ռուսաստանյան ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի ղեկավարությանն առաջարկել է պաշտպանել Բուլղարիայից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մեկ այլ թեկնածուի, քան պաշտոնապես առաջադրվածն է:

«Գերմանիայի կանցլերը փորձել է խոսակցություն բացել Ռուսաստանի ղեկավարության հետ՝ ռուսաստանյան կողմից Բուլղարիայի մեկ այլ թեկնածուի՝ ոչ պաշտոնապես առաջադրվածին պաշտպանելու մասին: Դրան հստակ և միանշանակ պատասխան է տրվել, որ պետության կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուի առաջադրումը բացառապես այդ երկրի սուվերեն որոշումն է»,- կիրակի օրը հայտարարել է Զախարովան:

Երկուշաբթի գերմանական ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ «Զախարովան լուր է տարածում, որն օբյեկտիվորեն սուտ է», և այդ քայլը որակել է ոչ բարեկամական, փոխանցում է France-Presse-ը:

Դեռևս փետրվարին Բուլղարիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի թեկնածությունը: Սակայն անցյալ շաբաթ բուլղարական լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, թե Բոկովայի փոխարեն՝ այդ պաշտոնում կարող է առաջադրվել բուլղարական եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան, որին, ենթադրաբար, պաշտպանում է Մերկելը:

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ղեկավարության ութամյա ժամկետը լրանում է 2016 թ. դեկտեմբերի 31-ին: Նոր ղեկավարի նախընտրական մրցապայքարում առայժմ առաջատար է համարվում Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Հունգարիային հեռացնել ԵՄ-ից’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’