‘Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզումային ծրագիրը’

978

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է ազգային հավաքականի մարզումային ծրագիրը: Թիմը կնախապատրաստվի սեպտեմբերի 3-ին և 7-ին կայանալիք Լատվիայի և Դանիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Այսպիսով, օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում և երեկոյան կանցկացնի մարզում: Հավաքի երևանյան մասի ընթացքում գլխավոր մարզչի տրամադրության տակ կլինեն Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին և Կամո Հովհաննիսյանը: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում:

 

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին, Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը ուղիղ չարտերային չվերթով կմեկնի Ռիգա, որտեղ նույն օրը ժամը 18:00-ին կանցկացնի մարզում: Սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի նախախաղային մարզում «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

 

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20:45-ին, «Սկոնտո» մարզադաշտում կկայանա Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Սեպտեմբերի 4-ին երեկոյան թիմը կանցկացնի ևս մեկ մարզում, իսկ սեպտեմբերի 5-ին առավոտյան ուղիղ չարտերային չվերթով կմեկնի Կոպենհագեն: Նույն օրը ժամը 18:00-ին թիմը կանցկացնի մարզում:

 

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում «Պարկեն» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

 

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, «Պարկեն» մարզադաշտում կկայանա Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը:

 

Մարզումային ծրագրում փոփոխություններ լինելու դեպքում կլինի լրացուցիչ հայտարարություն:

Նախորդ հոդվածը‘«Բավարիա»-«Շալկե» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը’