‘Բեռնար Շալանդ. «Պետք է օգտվենք դանիացիների խոցելի կողմերից»’

785

«Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: 

Ի՞նչ վիճակում է թիմը մոտենում հանդիպմանը: Ռոբերտ Արզումանյանը պատրա՞ստ է հանդիպմանը:

— Այժմ մենք խնդիրներ չունենք: Ռոբերտը կարող է խաղալ: Վաղն ամեն ինչ կտեսնենք, բայց կարծում եմ` ամեն ինչ լավ է: Միայն Հովհաննես Համբարձումյանն է մի փոքր վատառողջ:

Լատվիայի հետ խաղում Հայաստանը հանդես եկավ 5 պաշտպաններով: Պահպանելո՞ւ եք այդ մարտավարությունը:

— Ես չեմ խոսի մարտավարության մասին, քանի որ Դանիայի համար դա արժեքավոր տեղեկություն կլինի: Իհարկե, մարտավարությունը կարեւոր է, բայց անկախ նրանից. թե ինչ դասավորությամբ հանդես կգանք, պետք է կատարենք առաջադրանքները: Ժամանակակից թիմերը պետք է կարողանան խաղի ընթացքում փոխել մարտավարությունը, կատարել մի շարք տեղաշարժեր: Կարծում եմ, որ Դանիան եւս ի վիճակի է նման բան անել:

 Ի՞նչ տարբերություններ եք տեսնում նախորդ տարվա եւ այս տարվա Դանիաների միջեւ:

— Կարծում եմ, որ ներկայումս Դանիան այլ խաղ է խաղում: Պետք է նշեմ, որ անցած տարվա հանդիպումը յուրահատուկ ստացվեց, քանի որ դանիացիները 40-րդ վայրկյանին գոլ ընդունեցին: Ներկայիս Դանիան շատ հարձակողական ֆուտբոլ է խաղում՝ հյուսիսային տիկի-տակա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ եթե  Դանիան նախորդ տարի 0:4 հաշվով պարտվել է եւ այդ պատճառով թույլ է, ապա նա անխելք է: Դանիային միայն անխելքը կարող է թույլ համարել:

 Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի բացակայության մասին շատ է խոսվում

— Իհարկե, առանց նրանց շատ դժվար կլինի, բայց մենք պետք է խաղանք: Մենք պետք է որպես թիմ լավ հանդես գանք:

 Լատվիայի հետ խաղի համեմատ ի՞նչ փոփոխություններ կլինեն:

— Կազմը չեմ կարող ասել: Բնականաբար դիտել ենք Դանիայի խաղը եւ կփորձենք օգտագործել նրանց խոցելի տեղերը:

Ի՞նչ կարող եք ասել հենակետային դիրքի խաղացողների մասին: Մասնավորապես, հայտնի է, որ Կառլեն Մկրտչյանը խնդիր ունի:

— Մկրտչյանը լավագույն մարզավիճակում չէ, քանի որ երկար ժամանակ ակումբ չուներ: Կենտրոնում պետք է կոմպակտ խաղանք: Թիմային գործողություններով պետք է կարողանանք շտկել իրավիճակը:

Աղբյուրը՝www.ffa.am

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան հանդես է եկել հանուն Կատալոնիայի անկախության’
Հաջորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. Խաղից առաջ’