‘Բերդիմուհամեդովը չի փրկի Սերժ Սարգսյանին ‘

1072

Այն, որ 2008 թվականից առայսօր Սերժ Սարգսյանը այդպես էլ չի կարողացել լիարժեքորեն դառնալ «նախագահ» թերեւս գաղտնիք չէ: Սերժ Սարգսյանը, ով իր պաշտոնավարման մեկնարկին՝ «նախագահի թերարժեքության»  իր բարդույթը փորձեց լրացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, (գուցե նաեւ թաքուն երազելով,  մի քանի օր շարունակ եվրոպական եւ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ներում երեւալուց զատ, Նոբելյան բաղձալի մրցանակ ստանալ՝ իր այդ քայլի համար), այդ կարճ գործընթացի խայտառակ տապալման արդյունքում ավելի բարդ խնդրի առաջ կանգնեց: Ներքին լեգիտիմության պակասին, ըստ էության ավելացավ նաեւ արտաքին քաղաքական մեկուսացումը: Ընդ որում, եթե ներքին կյանքում Սերժ Սարգսյանը ճնշումներ բանեցնելու ռեսուրսներ ուներ եւ ունի՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Բանակ, ԶԼՄ-ներ եւ այլն, ապա արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանը որեւէ ճնշման մեխանիզմ ու ռեսուրս չուներ եւ չունի, եւ նա արտաքին հարցերում երեւում է իր ողջ սնանկությամբ եւ խեղճությամբ:

Արտաքին քաղաքական մեկուսակցման լավագույն դրսեւորումներից մեկը այն չափանիշն է, թե որեւէ երկիր տարվա  ընթացքում քանի՞ նախագահ է այցելում, ի՞նչ օրակարգով են այցելում այդ պաշտոնյաները, եւ ինչու չէ, պակաս կարեւոր չէ նաեւ, թե որ երկրի նախագահն է այցելում: Սերժ Սարգսյանի պարագայում, պետք է նշել, որ իրավիճակը շատ տխուր է: Այս տարվա ընթացքում Հայաստան են այցելել ընդամենը երկու նախագահներ՝ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը եւ այսօր էլ ահա Հայաստանում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որին Սերժ Սարգսյանը, բնականաբար, մեծ շուքով դիմավորել է օդանավակայանում: Այն պարագայում, երբ նույն Սերժ Սարգսյանին՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ օրեր առաջ օդանավակայանում դիմավորել էր ընդամենը Ֆրանսիայի ԱԳ՝ արտերկրում ֆրանսիացների հարցով փոխնախարարը: Սա նշանակում է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը որպես քաղաքակնա գործոն որեւէ լուրջ երկրի ղեկավարի չի հետաքրքրում, այլեւ՝ Սարգսյանը հասցրել է նրան, որ արտաքին աշխարհին այսօր հետաքրքիր չէ նաեւ Հայաստանը: Իսկ եթե հետաքրքրում էլ է, ապա բացառապես իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի՝ մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում: Ասել է թե, Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում մնալը պետք է դիտարկել ոչ միայն այն համատեքստում, որ վերջինս ոչ օրինակարգ եղանակով նախագահ դառնալու պատճառով գործիք է դարձել միջազգային հանրության ձեռքին, այլեւ այն համատեքստում, որ Սարգսյանի պաշտոնավարման ամեն մի օրը կործանարար  է նաեւ եւ առաջին հերթին Հայաստանի համար, քանի որ Սարգսյանը անընդհատ անկում ապրելով իր հետ ներքեւ է տանում նաեւ երկիրը, նա նաեւ ջարդուփշուր է անում երկրի վարկանիշը, նրանով են Հայաստանի վերաբերյալ այսօր դրսում ձեւավորում այնպիսի կարծրատիպեր, որոնք հետագայում շատ դժվար կլինի փոխել: Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ֆիասկոն, (ինչը բնականաբար ներքին խնդիրների արդյունքն է), դա միայն Սերժ Սարգսյանի խնդիրը չէ: Ավելին, այն Սարգսյանի խնդիրն է միայն ամենավերջին պարագայում: Իսկ առաջին հերթին դա մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է՝ որպես ՀՀ քաղաքացիներ: Հայաստանը երբեք էլ չէր ընդունել Սերժ Սարգսյանին որպես նախագահ, Հայաստանը Սարգսյանին մերժել էր անմիջապես՝ դեռ 2008-ի ընտրությունների ժամանակ: Սարգսյանին, նույնկերպ մերժել է նաեւ արտաքին աշխարհը: Եւ այդ հարցում Սարգսյանին չի կարող փրկել անգամ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Կայացավ «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի վիճակահանությունը’
Հաջորդ հոդվածը‘Տարվա լավագույն մարզիչի եւ լավագույն գոլի հավակնորդները’