‘
ԱՄՆ-ը, մյուս երկրների հետ միասին, պետք է աշխատի Սիրիայի միջուկային զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի ուղղությամբ: Դա հնարավորություն կտա խուսափել ամերիկյան ռազմական գործողություններից և կկանխի հակամարտության հնարավոր տարածումը ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում: Երեկ PBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ամերիկյան ամենահեղինակավոր փորձագետներից մեկը՝ Զբիգնև Բժեզինսկին, որը Ջիմի Քարթերի վարչակազմում զբաղեցնում էր նախագահի օգնականի պաշտոնը ազգային անվտանգության հարցերով: Բժեզինսկին նշել է, որ քիմիական զենքի վերաբերյալ ռուսական առաջարկի մասին առայժմ հայտնի է միայն ընդհանուր գծերով, և այն, իհարկե, «բազմաթիվ բարդ հարցեր է ծնում, ու ես չգիտեմ՝ ռուսները որքան հեռու են պատրաստ գնալ մեզ հետ միասին: Սակայն ենթադրում եմ, որ եթե մենք լրջորեն և անդադար աշխատենք այդ ուղղությամբ, ապա ի վերջո կիմանանք՝ արդյո՞ք Ռուսաստանը լուրջ է տրամադրված, թե՞ ոչ»:
Բնականաբար, Ռուսաստանի նախաձեռնության իրականացման համար «հարկ կլինի ստանալ Միավորված ազգերի, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամերի աջակցությունը»,- ասել է Բժեզինսկին և հավելել, որ, մասնավորապես, «Չինաստանը կարող է շատ կարևոր դեր խաղալ՝ եթե նկատի ունենանք նրա շահերը Մերձավոր Արևելքում: Իհարկե, դա շատ ժամանակ կպահանջի, սակայն պետք է համբերություն և համառություն դրսևորել»,- ասել է փորձագետը, հաղորդում է ИТАР-ТАСС –ը:
‘