‘Բժիշկները խորհուրդ են տալիս չչարաշահել ուտելիքը տոնական օրերին’

630

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի բժիշկ-սրտաբան Լաուրա Սահակյանը խոսել է տոնական օրերին ուտելիքների չարաշահման հետևանքով առաջացող առողջական խնդիրների մասին:

Սրտանոթային ո՞ր հիվանդություններն են դառնում առավել խոցելի` հայկական առատ  սեղանների հետևանքով:

Հայկական առատ սեղաններն ունեն նշանաբանը` «կեր ինչ տեսնում ես և խմիր որքան կարող ես», շատ հաճախ կարող է ունենալ անբարենպաստ հետևանքներ, հատկապես սրտանոթային հիվանդությունների դեպքում: Առավել հաճախ խոցելի են դառնում` սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը, զարկերակային հիպերտենզիան, տարատեսակ ռիթմի խանգարումները: Հիվանդները հիմնականում հոսպիտալացվում են սրտամկանի ինֆարկտի, հիպերտոնիկ կրիզի, թոքերի այտուցի և պարոքսիզմալ տախիկարդիաների պատճառով:

Ի՞նչ սննդակարգի խորհուրդ  կտաք  հետևել  նման խնդիր ունեցող  մարդկանց:

Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է մոռանան հետևել իրենց առողջական վիճակին նաև տոների ընթացքում: Ճարպոտ, աղի կերակրատեսակները, ալկոհոլի և հեղուկների չարաշահումը կարող են բերել ծանր բարդությունների: Ուստի, անհրաժեշտ է հնարավորինս հավասարակշռել սննդակարգը, այսինքն` չչարաշահել աղը, հնարավորինս նվազեցնել կենդանական ճարպերի օգտագործումը, ավելի շատ օգտագործել ձկնեղեն, բանջարեղեն և մրգեր, չափավորել ալկոհոլի օգտագործումը: Ճարպային սնունդը չպետք է գերազանցի ընդհանուր օրական կալորիաների 30 տոկոսը: Ինչ վերաբերում է ալկոհոլի օգտագործմանը, ապա խորհուրդ է տրվում օգտագործել 30մլ մաքուր ալկոհոլ, որը, օրինակ, օղու և կոնյակի դեպքում համապատասխանում է 50-75մլ-ին, իսկ գինու դեպքում` 150-175մլ: 
Շատ կարևոր է չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին: Բավարար է օրական նվազագույնը 30 րոպե արագ քայլքը:

Իսկ ի՞նչ անել, եթե  տոնական օրերից  հետո  արդեն վատացել կամ սրվել է վիճակը:

Նման իրավիճակներում  պետք է ժամանակին դիմել համապատասխան բուժօգնության, քանի որ սրտանոթային հիվանդությունների բուժումն առավել արդյունավետ է վաղ բուժական միջամտության դեպքում:
                                                                                                                                                                                                                                 Աղբյուրը՝ doctors.am

Նախորդ հոդվածը‘Մեսին՝ 2012թ. լավագույն հարձակվող’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը 2012 թվականին հրադադարը խախտել է շուրջ 14.000 անգամ’