Անկախ բժիշկների խումբը, որը գործում է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո, հայատարարել է, որ հացադուլը շարունակող՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է, և անհրաժեշտ է նրան բանտային հիվանդանոցից շտապ տեղափոխել քաղաքացիական կլինիկա։
Բժիշկները, որոնց հավաքել է օմբուդսմեն Նինո Լոմջարիան, Սաակաշվիլիին զննել են երեքշաբթի և հայտարարել, որ Թբիլիսիի բանտի հիվանդանոցում, որտեղ գտնվում է նախկին նախագահը, նրա բուժման համար պայմաններ չկան հնարավոր բարդացումների դեպքում։ Ընդ որում՝ նրանք նշել են, որ առայժմ կարիք չկա նրան տեղափոխելու վերակենդանացման բաժանմունք։
«Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը այժմ ծայրահեղ ծանր է կենսական շատ ցուցանիշներով, ուստի մենք կարծում ենք, որ բանտային հիվանդանոցը պատրաստ չէ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելու»,- հայտարարել է բժիշկների խմբի անդամ Գեորգի Գրիգոլիան։
Բժիշկները հաստատել են, որ Սաակաշվիլին հացադուլը շարունակում է արդեն 48 օր, և նրա մոտ նկատվել են մի քանի վտանգավոր հիվանդություններ, այդ թվում՝ վիտամին B1-ի դեֆիցիտով պայմանավորված՝ ուղեղի նյարդաբանական հիվանդություն, կալցիումի պակաս, հեմոգլոբինի սպիտակուցի կառուցվածքի փոփոխություն։ Բժիշկները նաև հավանական են համարում աղեստամոքսային արյունահոսության առաջացումը։ Եզրակացության մեջ ասվում է, որ այդ ախտորոշումների հետևանքները կարող են լինել կոման կամ մահը։
Մինչդեռ վրացական ուղղիչ համակարգի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ Սաակաշվիլիի կյանքի նկատմամբ ուղիղ սպառնալիք չկա։
Փոխանցում է BBC-ն։
