«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները»։
Այդ մասին հայտարարել է Իսպանիայում հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարթա Կանյասը։
«Եթե ռումբերը չոչնչացնեն հատվածի բնակչությանը, դա կանեն քաղցը և հիվանդությունները,- նրա խոսքն է մեջբերել El Mundo թերթը։- Մարդասիրական օգնության տրամադրումը ծիծաղելի է և չի կարող այդպիսին համարվել։ Ներկայումս ստացվում է նախկին մատակարարումների ընդամենը 15 %-ը»,- հավելել է Կանյասը։
Նա հայտարարել է, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ոչինչ չի կարող անել, երբ «երեխաները գալիս են բուժզննության և ասում են, որ կնախընտրեն մեռնել, քան շարունակել տառապել», «երբ ավելի շատ մեռածներ են տեղ հասնում, քան վիրավորներ», «երբ ստիպված ես վիրահատել կամ անդամահատել առանց նարկոզի կամ հենց հատակին»։
«Հնարավոր չէ նկարագրել այն, ինչ կատարվում է»,- շեշտել է Կանյասը։