‘
Հոկտեմբերի 16-ին կմեկնարկի Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն:
Բիենալեի մանրամասներն այսօր կայացած ասուլիսում ներկայացրել են Երեւանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, Prime Commercial ընկերության տնօրեն Սամվել Սահակյանը եւ IP Marketing ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը:
Նրանք ներկայացրել են բիենալեի անվանակարգերը: Դրանք են՝ հեռուստատեսային եւ վիդեո գովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր մեդիա, ռադիո գովազդ, գրաֆիկական դիզայն, մարկեթինգային եւ PR արշավներ, գիրք եւ սոցիալական գովազդ:
Բիենալեին մասնակցելու են Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄԷ-ի, Լիբանանի, Թուրքիայի ներկայացուցիչները:
Ասուլիսի մասնակիցները նշել են, որ բիենալեի կարեւոր մաս են կազմելու վարպետության դասերը, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 16-ին, 17-ին եւ 18-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի նիստերի դահլիճում: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ բիենալեի օտարերկրյա մասնագետները կմեկնեն Արցախ եւ կփորձեն համատեղ ուժերով ստեղծել Արցախի բրենդը:
‘