‘Բիզնեսմենները՝ հյուպատոսներ’

2554

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը կատարեցին Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման խոսքում Նալբանդյանը հայտարարել է, թե գլխավոր հյուպատոսությունը՝ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։ 

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները շարունակում են բիզնեսմեններին՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակելու պրակտիկան: Հիշեցնենք, որ Սրմաքեշը հայտնի բիզնեսմեն է, շվեյցարական Franck Muller ժամագործական ընկերության ղեկավարը, նաեւ «Արարատ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը:

Թե ինչպիսի բիզնեսմեն է պարոն Սրմաքեշը, այլ հարց է, մեկ այլ հարց է այն, թե ինչ խնդիր է լուծվում բիզնեսմենին նման պաշտոնի նշանակելով, որը  կոչված է բացառապես հյուպատոսական ծառայություններ մատուցել դրսում հայտնված ՀՀ քաղաքացիներին՝ այսինքն, թղթաբանական ծառայություններ, խորհրդատվություններ եւ այլն: Եւ երբ հարցին նայում ենք հենց մասնագիտական տեսանկյունից, պարզ է դառնում, որ նման նշանակումը լիովին այլ կոնտեքստ ունի:

Առավելեւս, որ ինչպես արդեն նշեցինք, սա նման առաջին դեպքը չէ, եւ կարելի է համարել ՀՀ իշխանությունների վարած հստակ քաղաքականություն:  

Բանն այն է, որ ընդամենը վերջերս իր պարտականություններն է ստանձնել Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսը, նույն ինքը ռուսաստանցի հայտնի գործարար, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը: Օրեր առաջ այդ կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությունից հետո տեղացիներն արդեն առաջին տարօրինակ հանգամանքն են նկատել. ՀՀ քաղաքացիներին թղթաբանական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերելու կոչված պաշտոնյան նույնիսկ հայերենին չի տիրապետում: Եւ եթե իր պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ առաջին եւ հիմնական նախապայմանը չի ապահովվում, ապա ուրիշ ի՞նչ առաքելություն պետք է իրականացնի Գլխավոր հյուպատոսը: Հետեւաբար նաեւ գալիս է հաջորդ հարցը՝ ինչի՞ համար Սարկիսովին (ով միլիարդատեր է), կամ Սերժ Սարգսյանին, կամ նրանց երկուսին, պետք եղավ բիզնեսմենին դիվանագիտական նման լիազորություններ տալ՝ դիվանագիտական անձեռնմխելությունն էլ հետը:

Բայց, ինչպես ասում են, սպասեք, սա դեռ ամենը չէ:

Սարկիսովի մյուս եղբայրը՝ Նիկոլայը, ով նույնպես ռուսաստանցի հայտնի միլիարդատեր է, եւս հյուպատոս է: Վերջինս էլ Լիոնում Հայաստանի հյուապտոս է նշանակվել: Ու նորից նույն հարցը, միլիարդատեր բիզնեսմենի ինչի՞ն է պետք դառնալ հյուպատոս:

Սրանք հարցեր են, որոնք մանրամասն անդրադարձի կարիք ունեն, եւ մենք առաջիկայում կփորձենք միասին վերլուծել, թե ովքեր են ՀՀ հյուպատոսները դրսում, նրանցից քանիսը կապ ունեն դիվանագիտական աշխատանքի հետ, եւ քանիսն են նշանակվել այդ պաշտոնին՝ սեփական բիզնես շահերի համար:  

շարունակելի

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի դժվարությունները պետք չի փնտրել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում, կամ Բաքվում’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը որոշեց կալանավորել Վարդան Պետրոսյանին’