Բլինքեն․ Աֆղանստանում առաքելությունն ավարտված է

710

Հրավառություններով և ինքնաձիգներից արձակված կրակահերթերով են թալիբները տոնել Աֆղանստանի անցումն իրենց վերահսկողության տակ։

Երեքշաբթի գիշերը՝ արմատական «Թալիբան» շարժման հետ պայմանավորվածությունից գրեթե մեկ օր առաջ, ամերիկյան վերջին ինքնաթիռները լքել են Քաբուլի օդանավակայանը։ ԱՄՆ-ի ռազմական առաքելությունը, որը շարունակվում էր 20 տարի, ավարտվել է։

Վերջին չվերթով գրոհայինների կողմից գրավված երկրից մեկնել են Աֆղանստանում ԱՄՆ դեսպանը և դիվանագետները, որոնք ղեկավարում էին տարհանումը։

Վերջին շաբաթների ընթացքում ամերիկացները երկրից դուրս են բերել ավելի քան հարյուր հազար մարդու։ Սակայն ամենևին էլ ոչ բոլորին է հաջողվել հեռանալ Աֆղանստանից։ Բացի այդ՝ զինվորականները թալիբներին են թողել ինքնաթիռների, ուղղաթիռների և ռազմական տեխնիկայի մի մասը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրանք գնահատվում են 85 մլրդ դոլար։

«Դա բոլոր իմաստներով գլոբալ գործողություն էր։ Շատ երկրներ իրենց ավանդը դրեցին օդային կամուրջ կազմակերպելու գործում, նրանք օդանավակայանում աշխատում էին կողք կողքի։ Մենք իսկապես շնորհակալ ենք նրանց աջակցության համար։ ԱՄՆ ռազմական օդանավերի չվերթները կասեցված են։ Աֆղանստանի հետ ամերիկյան համագործակցության նոր դարաշրջան է սկսվել։ Այժմ մենք դիվանագիտական ճանապարհով կընթանանք։ Ռազմական առաքելությունն ավարտված է, սկսվել է նորը՝ դիվանագիտականը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Ռոման» հրաժեշտ է տվել Խավյեր Պաստորեին
Հաջորդ հոդվածը«Թալիբանի» ներկայացուցիչը ներկայացնում է երկրի ապագա կառավարման իրենց ծրագրերը