‘
ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը
-Երեկ ներքաղաքական կյանքի միօրինակությունը խախտվեց առաջին նախագահ Լ. Տեր—Պետրոսյանի հարցազրույցով: Քաղաքական տարբեր ուժեր իրենց գնահատականներ են տալիս այդ կապակցությամբ: Ո՞րն է Ձեր գնահատականը
— Ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ առաջին նախագահի հնչեցրած տեսակետներին և մտորումներին: Կարծում եմ՝ դա առաջիկայում կանեն հասարակական, փորձագիտական շրջանակաները: Ցանկացած քննարկում, բանավեճ, որը կխախտի հասարակական համատարած անտարբերութունն ու ապատիան` ողջունելի է:
—Բացի գնահատականներից՝ Լևոն Տեր—Պետրոսյանը հրապարակեց մի նոր ծրագիր` ՀԱԿ—ի հենքի վրա ձևավորել նոր կուռ կուսակցություն: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ փոփոխությունների կենթարկի հայաստանյան քաղաքական դաշտը:
— Գուցե շատերի համար անակնկալ էր ընտրված պահը: Այնուամենայնիվ, քաղաքական զարգացումների տրամաբանությունը տանում էր դրան: Կար երկու տարբերակ` կա՛մ Կոնգրեսը մնում էր նույն կառուցվածքով և կարճ ժամանակում դադարում էր քաղաքական գործոն լինել, կա՛մ վերափոխվում էր մեկ միասնական կուսակցության և սկիզբ դնում նոր զարգացումների: Իսկ նոր կուսակցությունը, վստահ եմ, չի մնա սոսկ որպես հասարակ կուսակցություն, այլ կարող է դառնալ ազդեցիկ նոր քաղաքական ուժ:
— Ոմանք կարծում են, որ Լևոն Տեր—Պետրոսյանը այս քայլով կունենա որոշակի կորուստներ ՀԱԿ—ում:
— Ես ինձ իրավունք չեմ վերապահում քննարկել ՀԱԿ-ում առկա խմորումներն ու հնարավոր սցենարները: Բայց կորուստների մասով ասեմ հետևյալը` այն ինչ հնարավոր էր «կորցնել»՝ արդեն կորսված է: Վերջին կես տարվա ընթացքում այդ ամենը մեր աչքի առաջ էր: Իհարկե, «կորուստ» ձևակերպումը միանշանակ չակերտների մեջ նկատի ունեմ: Շատ ավելի ճիշտ է մտածել պոտենցիալ ձեռքբերումների մասին: Եվ սա, ըստ իս, վերաբերում է ոչ միայն ՀԱԿ-ին:
— Դուք նկատի ունեք մյուս կուսակցություններին և՞ս, և նույնիսկ՝ ԲՀԿ—ին:
— Իհարկե: Իսկ ո՞վ է ասել, որ ԲՀԿ-ն չունի բարեփոխումների կարիք: Ես վստահ եմ, որ ունի: ԲՀԿ-ն վերջին 1-2 տարում անցավ շատ դժվար ճանապարհ, բայց հենց դրա՛ շնորհիվ կուսակցությունը չվերածվեց վարչական կցորդի, այլ դարձավ երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը` ինքնուրույն որոշումներ կայացնելու իր հաստատակամությամբ: Վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» դեռ կարիք ունի իր ներսում լուծելու մի շարք խնդիրներ, ինչը որակապես նոր մակարդակի կբերի կուսակցությանը: Ի դեպ, ԲՀԿ-ն իր վարկանիշի և իր հեղինակության գագաթնակետին հասավ վերջին մեկ տարում, երբ, ըստ էության, զրկված էր վարչական և իշխանական լծակներից: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ քաղաքական կոմպոնենտը և քաղաքական քայլերն անհամեմատ ավելի ազդեցիկ են, քան ինչ-ինչ լծակներ: Այս առումով, ես Գ. Ծառուկյանին եմ ներկայացրել ԲՀԿ-ի հետագա քաղաքական բարեփոխումների իմ առաջարկները:
— Փաստորեն, Դուք չեք կիսում այն տեսակետը, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական կյանքը երկրում դադարելու է:
— Ես կիսում եմ այն տեսակետը, որ կյանքը աշխարհում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո շարունակվելու է: Իր բոլոր բարդություններով, հին ու նոր մարտահրավերներով, ինչու չէ` անակնկալներով, կյանքը շարունակվելու է: Իսկ քաղաքական ուժերի խնդիրն այս ամենին ադեկվատ, համահունչ լինելն է:
Zham.am
‘