‘ԲՀԿ-ը կքննարկի Երեւանի ավագանու ընտրություններին միասնաբար հանդես գալու՝ Կոնգրեսի առաջարկը’

1191

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերին քաղխորհրդի նիստում կքննարկի Երեւանի ավագանու ընտրություններին ոչ իշխանական ուժերի՝ միասնաբար հանդես գալու գաղափարը, iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին «Ժառանգությանը», «Բարգավաճ Հայաստանին» եւ Դաշնակցությանը առաջարկել է միասնաբար հանդես գալ մայիսի 5-ի ընտրություններում: «Բացառիկ մի հնարավորություն է 4 այս քաղաքական ուժերի համար, համախմբելով ռեսուրսները եւ համակարգելով ջանքերը, հասնել շատ կարեւոր հաղթանակի ռեժիմի նկատմամբ, ինչը ճանապարհ կբացի նաեւ հետագայում իշխանափոխության համար», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ մասնակցության վերաբերյալ դեռեւս քննարկումներ չեն եղել:

«Դա (Լ.Զուրաբյանի առաջարկը-խմբ.) եւս մոտեցում է, դա եւս տարբերակ է, առաջիկա օրերին, երբ քաղաքական խորհուրդը կհավաքվի քննարկելու ավագանու ընտրություններին մեր մասնակցության ձեւաչափը, այդ մոտեցումը եւս կքննարկվի», — ասաց տիկին Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Լիտվայի արտգործնախարար. Ընտրություններն ավարտվել են, անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել եվրաինտեգրման գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետական պատգամավոր. Խորհրդարանական կառավարմանն անցնելու համար ճիշտ ժամանակ պետք է ընտրել’