‘ԲՀԿ-ն «գազի հարցով» դիմել է Հովիկ Աբրահամյանին’

1243

‘

ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին.

«ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները, դրա հիման վրա մշակված եզրակացությունը մի շարք լրջագույն հարցադրումներ, խնդիրներ և մտահոգություններ են առաջացնում, որոնք, մեր կարծիքով, պահանջում են համակողմանի և մանրակրկիտ քննարկում և կոնկրետ քայլերի ձեռնարկում:

Մասնավորապես՝

1. Գազի սակագնի ձևավորման գործող մեթոդաբանությունը կատարելագործման և ներկա իրավիճակին համապատասխանեցման անհրաժեշտություն ունի:

2. Բացահայտված լուրջ խնդիր է գազի մատակարարման և բաշխման համակարգում «այսպես կոչված» կորուստների նորմատիվային և գերնորմատիվային չափաքանակների հիմնավորումը և ճշգրտումը: Հայտնի է, որ սակագնային մեթոդաբանությամբ սահմանված է կորուստների 5.37% չափաքանակ, մինչդեռ՝ փաստացի ծավալները գերազանցում են այդ ցուցանիշը և կազմում մինչև 8.64 %:

Միայն գերնորմատիվային 3.3%-ը կազմում է տարեկան շուրջ 60 մլն մ3 գազ, որը միջին սակագնով 20 մլն ԱՄՆ դոլար է:

Լրացուցիչ պարզաբանման և հիմնավորման կարիք ունի կորուստների վերոնշյալ փաստացի ծավալը:

3. Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազամատակարարման համակարգում կորուստների նվազեցման, այլ ծախսերի արդյունավետությունը և նպատակայնությունը, ինչպես նաև՝ ամորտիզացիայի հաշվարկի խնդիրները անհրաժեշտ է դարձնել լրջագույն քննարկման առարկա:

4. Անհրաժեշտ ենք համարում նաև քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշտադիտարկումների, ներդրումային ծրագրերի ուսումնասիրման և հաստատման, լիցենզիաների պայմանների կատարման խնդիրները։

5. Անհրաշետություն կա նաև քննարկել ՀՀ ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվողականության պարբերականության և արդյունավետության խնդիրը:

6. Կարևորագույն խնդիր ենք համարում նաև անդրադառնալ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20% պետական բաժնեմասի վաճառքի և 300 մլն ԱՄՆ դոլար պարտքի ձևավորման օրինականության հարցում հանրապետության գործադիր իշխանության նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների իրավական պատասխանատվության խնդրին:

Պարո՛ն վարչապետ,

Կարծում ենք, որ թե՜ վերոնշյալ, թե՜ գազամատակարարման ոլորտին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ անհրաժեշտ է հրատապ քննարկել կառավարությունում և տալ ինչպես օպերատիվ, այնպես էլ ռազմավարական բնույթի լուծումներ»,-ասվում է նամակում:

‘

Նախորդ հոդվածը‘Գյումրիի կրակոցների գործով եւս երեք մեղադրյալ ազատ է արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներն անցանելի են’