‘Բնակիչներն ընդդեմ Ֆլեշի Բարսեղի կառուցապատման’

1375

Կոմիտաս 5-ում տեղի ունեցող ապօրինի շինարարությունը, հասարարական մեծ աղմուկի պատճառով՝ իշխանությունների կոկորդին մնացած մի յուրատեսակ ոսկոր է դարձել: Ապօրինի շինարարությունը, սովորության համաձայն՝ թաքուն իրականացնելու հարցում այս անգամ իշխանությունները բարդությունների են հանդիպել: Սակայն եթե Կոմիտաս 5-ի գործը մի փոքր հեշտացել է՝ մեծ աղմուկի պատաճռով, ապա նմանօրինակ այլ դեպքեր կան, որոնց պարագայում բնակիչները ստիպված են սեփական ուժերով դիմագրավել ապօրինի շինարարությանը: Այնինչ, ըստ էության, դրանք ապօրինության աստիճանով ամենեւին էլ չեն զիջում Կոմիտաս 5-ին:

Ահավասիկ՝ Ամիրյան 18, 18Ա, 20, 22, 24 շենքերի բակում տեղի ունեցող ապօրինի շինարարությունը: Շենքերի բնակիչները արդեն տեւական ժամանակ է՝ դիմում են քաղաքապետարանին և կառավարությանը՝ իրենց հարևանությամբ՝ Բյուզանդի 87/1-ում կառուցվող բարձրահարկ շենքի շինարարությունը ապօրինի ճանաչելու համար, սակայն ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ քաղաքապետարանից չեն արձագանքում իրենց դիմումներին: Նշենք, որ բնակիչները հավաքել են մի քանի տասնյակ ստորագրություններ շինարարությունը դադարեցնելու համար:

Նոր կառուցվող բարձրահարկի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է՝ Ֆլեշի Բարսեղը, ինչն էլ, ըստ էության, հիմնական պատճառն է այն բանի, որ իշխանությունները փորձում են չնկատելու տալ ապօրինությունը:

Շինարարությունն արդեն քանի ամիս է՝ ընթանում է, ամռանը բնակիչների բողոքների պատճառով աղմուկ էր բարձրացրել, որից հետո մի կարճ ժամանակ այն դադարեցվել էր: iLur.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, բնակիչները պատմեցին, որ 20 օր առաջ կառուցապատողը փորձել է վերականգնել շինարարությունը, սակայն բնակիչները նորից շրջափակել են շինարարության մուտքը և արգելել են վերսկսել աշխատանքները:

Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ  այս տարվա օգոստոսի 6-ին խնդրին ծանոթացել են Տիգրան Սարգսյանը, Տարոն Մարգարյանը և այն ժամանակվա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Նրանց խոսքով՝ երբ Նարեկ Սարգսյանին տարել են իրենց բնակարանները, ցույց տվել շինարարության պատճառով բնակարաններում առաջացած ճաքերը,  նա համաձայնել է բողոքների հետ՝ հայտարարելով, թե իր սխալն է, որ ժամանակին չի գնացել և չի զննել շինարարության վայրը:

Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ այդ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ բնակիչները քաղաքապետարանի հետ պատվիրակություն կազմեն՝ այդ հարցը քննարկելու համար, սակայն մինչ օրս այդ քննարկումները որևէ արդյունք չեն տվել: Նրանց խոսքով, այս ընթացքում իրենց է այցելել «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն ներկայացած ոմն Յաշա՝ հասկանալու համար իրենց բողոքի էությունը:

Հ.Գ. Ըստ էության՝ իշխանության հովանու տակ գործող հերթական օլիգարխը փորձում է ապօրինաբար շենք կառուցել՝ այլ շենքերի բակում, այսինքն՝ գրավելով այդ տարածքը, նաեւ՝ միաժամանակ վնասելով կողքի շենքերին: Այս դեպքը եւս պակաս կարեւոր չէ, եւ քաղաքացիական ակտիվիստների ուշադրության պարագայում՝ կարող է այլ ընթացք ստանալ՝ ինչը էականորեն կօգնի բնակիչներին: 

Նախորդ հոդվածը‘Ինչպե՞ս են խաղում 2013-2014 մրցաշրջանի 20 ամենաթանկ ֆուտբոլիստները’
Հաջորդ հոդվածը‘Տատա Մարտինոն և Սանդրո Ռոսելը քննարկել են ապագա տրանսֆերները’