‘Բնապահպաններն ունեն «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի նախընտրելի թեկնածու ‘

815

Համահայկական բնապահպանական ճակատի անդամներ, բնապահպաններ Եղիա Ներսեսյանը եւ Մարիամ Սուխուդյանն անդրադարձել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի մրցույթի խնդիրներին:
Նշենք, որ ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Բնապահպանների փոխանցմամբ՝ նրա օրոք տեղի են ունեցել մի շարք խախտումներ: Մանավորապես՝ արգելոցի առնվազն երեսուն աշխատակիցներ ՄԻՊ-ին և բնապահպանության նախարարին դիմում են ներկայացրել, որով հայտնել են, որ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ոտնահարում է իրենց աշխատանքային իրավունքները` պահանջելով աշխատանքից ազատման դիմում գրել:

Աշխատակիցների խոսքով` ներկայիս տնօրենը որ աշխատակցի հետ նպատակահարմար չի գտնում աշխատել, ստիպում է ազատման դիմում ներկայացնել՝ առանց հաշվի առնելու աշխատանքային փորձը, կրթությունը, տարիքը: Բացի այդ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լարվածություն է մտցրել աշխատակիցների միջև և կոլեկտիվի ներսում ստեղծել բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ: 
«Սակայն ճնշումների արդյունքում բոլոր աշխատակիցները ետ են վերցրել իրենց դիմումները՝ վախենալով Հրաչից»,- մանրամասնեց Եղիան: Նա տեղեկացրեց նաև, որ բնապահպանության նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել և հրապարակել դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն-ազգանունները: 
«Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին` խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները, սակայն մինչև այժմ ոչ մի արձագանք չկա»,- դժգոհեց բնապահպանը:
Բնապահպանները հրապարակեցին նաև իրենց նախընտրելի թեկնածուի անունը՝ Ալբերտ Դումիկի Դումիկյան: Նրանց խոսքով՝ նա ունի մասնագիտական բոլոր կարողությունները, երկար տարիներ աշխատել է ՌԴ-ում՝ որպես արգելոցի տնօրեն: Այժմ վերադարձել է Հայաստան և դիմել է քաղաքացիություն ստանալու համար:
Բնապահպաններն ահազանգեցին նաև, որ արհեստականորեն ձգձգվում է Դումիկյանի քաղաքացիություն ստանալու հարցը, որի արդյունքում նա դուրս կմնա մրցապայքարից:

Նախորդ հոդվածը‘Մեսին Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս եկավ 2-րդ տեղ’
Հաջորդ հոդվածը‘Անձրևի մասով մեր օրենսդրությունն անկատար է. Մամուլ ‘