‘Բնապահպան. Սևանի ջրի որակը վտանգի եզրին է’

846

Տարիներ առաջ գիտնականները ցույց տվեցին, որ Սևանի ջրի որակը բավականին բարձրացել է, իսկ հիմա այն կրկին վտանգի եզրին է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Գագիկ Սուխուդյանը: «Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա համամեատ ջրի մակարդակը 9 սանտիմետրով իջել է: Սևանի խնդիրը միշտ ակտուալ կլինի, քանի որ մենք նրան վերաբերվում ենք որպես ոռոգման ջրամբար, ալ ոչ կենդանի օրգանիզմ»,- նշեց նա՝ հավելով, որ Սևանը կենդանի էակ է, և նրան պետք է խնամքով վերաբերվել:

Կիլիկիա նավի նավապետ Կարեն Բալայանի խոսքով՝ 2 տարի առաջ Սևանի թափանցիկությունը կտրուկ բարձրացավ, ինչը նշանակում է, որ Սևանը սկսել էր ինքնամաքրվել: «Գիտնականները հայտնեցին, որ այն պահպանելու համար պետք է մակարդակը բարձրացնել ամենաքիչը 6 մետրով»,- շեշտեց Բալայանը:

Գագիկ Սուխուդյանը իր հերթին նշեց նաեւ, որ Սևան թափվող բոլոր 28 գետերը աղբատար են: «Միակ մաքուր ջրանցքը Արփա-Սևանն, քանի որ  այն գյուղեր չի մտնում:  Սևանից դուրս եկող Հրազդան գետի վիճակը նույնպես շատ վատ է»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկության դեպքում Սևանի մակարդակը հնարավոր կլիներ բարձրացնել, ինչի համար անհրաժեշտ էր հատուկ նախագիծ եւ ռեսուրսներ:

Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրում այսպիսի թափերով ձկնաբուծություն զարգացնելը անհեթեթություն է: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչի՞ կհանգեցնի ջրի նվազումը, Սուխուդյանը պատասխանեց, որ դրա հետեւանքով կապտականաչ ջրիմուռները կբարձրանան վերեւ և անհնարին կլինի Սևանի օգտագործումը:

Կարեն Բալայանի խոսքով՝ այսօր Սեւանի ջուրը չօգտագործելու այլընտրանք գոյություն չունի:

Տաթևիկ Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Սառցե ցնցուղ. Բեքհեմին, Մեսսիին և մյուս ֆուտբոլիստներին միանում են նաև Oբամեյանգն ու Մխիթարյանը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երազանքի ավտոներ. Նորարարական դիզայն եւ կոնցեպտուալ գաղափարներ (Ֆոտոշարք)’