‘«Բոկո հարամի» գրոհայինները Կամերունում տասնյակ մարդկանց են առևանգել’

929

Նիգերիայում գործող իսլամիստական արմատական «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները հարևան Կամերունի հյուսիսում հարձակվել են Մաբաս բնակավայրի և հարակից գյուղերի վրա, այրել ու ավերել են տասնյակ տներ և առևանգել 80 հոգու, այդ թվում՝ մոտավորապես 30 չափահաս մարդկանց, մյուսները10-15 տարեկան երեխաներ: Տեղացիներից երեք հոգի սպանվել է: Ծայրահեղականները կռվի են բռնվել օգնության հասած կամերունցի զինվորականների հետ, բայց կարողացել են հասնել Նիգերիայի սահմանին և գերիներին տանել իրենց հետ:

«Բոկո հարամի» գրոհայինների հարձակումները Կամերունում վերջերս հաճախակի են դարձել: Հարևանին օգնելու համար Չադի իշխանությունները Կամերուն են ուղարկել իրենց զորքերը և ռազմատրանսպորտային տեխնիկայի 400 միավոր:  Չադի նախագահ Իդրիս Դեբի Ինտոն դիմել է Կենտրոնական Աֆրիկայի երկրների տնտեսական միությանը՝ առաջարկելով ստեղծել դաշինք՝ այդ խմբավորման դեմ պայքար մղելու նպատակով: Ինտոն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող անտարբեր մնալ կատարվածի հանդեպ: «Կամերունը տնտեսական տեսակետից Չադի ելումուտի դարպասն է: Այն, ինչ կատարվում է Կամերունում, անմիջականորեն վերաբերում է նաև մեզ, և մենք չենք կարող անտարբեր մնալ»,- ասել է Ինտոն:

ԿԱԵՏՄ-ի գործող նախագահը հայտարարել է, որ միությունը քննարկում է համատեղ զորամիավորումներ ստեղծելու հարցը՝ «Բոկո հարամի» դեմ պայքարելու համար: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Երանոսյանը հաշվել է սովորում’
Հաջորդ հոդվածը‘Դրեզդենում հետաձգվել է երթն ընդդեմ Եվրոպայի իսլամացման’