‘Բողոքի ակցիա Բաղրամյան պողոտայում. Ոստիկանները բռնի խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը (Տեսանյութ)’

1458

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի երթ էին կազմակերպել դեպի ԲԱղրամյան պողոտայի վրա գտնվող ԵԱՀԿ գրասենյակ: Ակցիայի մասնակիցները մտադիր էին ԵԱՀԿ ներկայացնել իրենց բողոքը՝ Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ կեղծ եզրակացությունների դեմ: «Ձեր կեղծ եզրակացությունները ձեր երկրների համար պահեք, սա Հայաստանի Հանրապետությունն է», «Գնացեք ձեր տները», վանկարկում էին ակցիայի մասնակիցները: Նրանց խոսքերով, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պարբերաբար «մեկ քայլ առաջ» բնորոշելով հայաստանյան ընտրությունները, աղավաղում են իրականությունը եւ լեգիտիմացնում են ապօրինությունները:

Բողոքի երթը Չեխովի անվան դպրոցից ներքեւ կասեցրեցին ոստիկանության ջոկատները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Նրանք արգելեցին շարժվել դեպի ԵԱՀԿ գրասենյակ՝ պահանջելով քաղաքացիներին ակցիան տեղափոխել դիմացի մայթ, որպեսզի «չխոչընդոտվի ԵԱՀԿ գրասենյակի բնականոն աշխատանքը»: մի պահ ոստիկանները նույնիսկ բռնության դիմեցին՝ հրմշտելով ու գետնին տապալելով ակցիայի մասնակիցներին, անգամ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ պատահական անցորդների:  Ակցիայի մասնակիցներն այժմ շարունակում են կանգնած մնալ նույն տեղում: Նրանք պնդում են, որ ոստիկանների գործողությունները հակաօրինական են՝ «դուք խախտում եք ազատ տեղաշարժիի մեր սահմանադրական իրավունքը, մի ենթարկվեք ապօրինի հրամաններին», — բարձրախոսներով ոստիկաններին կոչ են անում նրանք եւ հրաժարվում անցնել դիմացի մայթ:

«Թույլ չենք տա, որ խարխլեք պետության հիմքերը», — ակցիայի մասնակիցներից մեկին ասած փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: «Պետության հիմքերն ընտրակեղծարարներն ու ապօրինի հրամաններ կատարող ոստիկաններն են», — հակադարձեց քաղաքացին:

Հնչում են նաեւ «Եկել եք էստեղ, մեր ակցիան խանգարում եք, որ ի՞նչ անեք», «Ոստիկան, սիրուն չի», «Սենց եք անում, որ խիարը թարս ա բուսում» եւ այլ «կարգախոսներ»:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի Լիգա. Բոլոր արդյունքներն ու 1/8 եզրափակիչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյանը՝ Գիզիրյանի հնարավոր ազատման մասին. Անպայման մի որևէ տեղ կնշանակեն, որ ծառայի ռեժիմին’