‘Բողոքի ակցիա դատախազության մոտ (Ֆոտոշարք, տեսանյութ)’

1577

Այսօր` մարտի 22-ին, գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ուրբաթօրյա բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ 4 ակտիվիստների գործի վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ակցիայի ժամանակ ասաց, որ վճռաբեկ դատարանի որոշումից մի քանի օր առաջ ստացել են ԵԽ նախարարների կոմիտեի պատասխանը:

«Նախ ուզում եմ բացատրել, թե ինչ է այդ կոմիտեն իրենից ներկայացնում: Եվրոպայի Խորհուրդը, ըստ էության, ունի երկու կարևոր մարմին, մեկը՝ Խորհրդարանական Վեհաժողովն է, այսինքն ԵԽ-ի անդամից երկրներից հավաքվում են պատգամավորներ և նստաշրջաններ են իրականացնում, այսպես ասած՝ ԵԽ-ի խորհրդարանն է,  մյուսը՝ ԵԽ-ի գործադիր իշխանությունն է, որը նախարարների կոմիտեն է: Այնտեղ ներկայացված են բոլոր անդամ երկրների դեսպանները, կամ՝ հատուկ լիազորված նախարարներ: Այս գործադիր մարմինը շատ կարևոր առաքելություն ունի և նրա կողմից ընդունվող որոշումները, ըստ էության, լրջագույն ազդեցություն ունեն այն երկրների վրա, որոնք անդամակցում են ԵԽ-ին:

Եվ ահա, այս մարմնին ես ուղարկել եմ հետևյալ հարցապնդումը, որի իմաստը մոտավորապես հետևյալն էր.«Ընդամենը վերջերս ԵԽԽՎ-ն ընդունել էր մի բանաձև քաղաքական բանտարկյալների սահմանման մասին, ըստ որի՝ ԵԽ-ն սահմանում է քաղբանտարկյալ համարելու 5 չափանիշ:

Ես իմ հարցապնդման մեջ գրել եմ, որ Տիգրան Առաքելյանի և պոտենցյալ երեք այլ քաղբանտարկյալների վերաբերյալ կարելի է ասել, որ այդ չափանիշները բավարարված են, ուստի հարց եմ հղում՝ եթե բանաձևի մեջ գրված է, որ դուք պետք է կոչ անեք նաև, որ բոլոր այդ երկրները վերանայեն քաղբանտարկյալների գործերը, ապա ի՞նչ եք դուք անելու, որ այդ բանը կատարվի և մեր քաղբանտարկյալներն ազատվեն: Եվ ահա, ես ստանում եմ պատասխան, որը հրապարակվեց մամուլում: Հետաքրքիրն այն է, որ այն պատասխանը վերնագրված է «Հայաստանի քաղաքական բանտարկյալները»՝ «Political prisoners in Armenia»:

Պատասխանը հետյալն է՝ «քանի որ երկրի վճռաբեկ դատարանն այս պահի դրությամբ չի հաստատել առաջին ատյանի որոշումը, ուրեմն առայժմ նախարարների կոմիտեն ձեռնպահ է մնում որևէ մենկաբանությունից»:

Այս պատասխանը շատ հստակ ուղերձ է մեր իշխանություններին, նրանից հետևում է, որ ԵԽ նախարարների կոմիտեն, ըստ էության, ճանաչում  է Տիգրան Առաքելյանին որպես քաղբանտարկյալ, հետևում է այս գործին և սպասվում է այս գործընթացի ավարտին, այսինքն՝ արդյոք վճռաբեկ դատարանը կվերանայի նրա գործը և Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի»,- հայտարարեց Զուրաբյանը:

Վերջինս հավելեց նաեւ, որ ինքը սա համարում է կարևոր զարգացում, մեր համառ պայքարի արդյունք: Նա նշեց նաեւ, որ պատահական չէ, որ այդ նամակին հետևեց վճռաբեկ դատարանի հաղորդագրությունը:

«Հիմա մենք պետք է սպասենք՝ այդ գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետներում, բայց օրենքը չի ասում է, թե որն է այդ ողջամիտ ժամկետը: Մեզ համար հասկանալի է, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը. Իհարկե, ինքը տղաների գլխին սա պահելու է դամոկլեսյան սրի պես՝ տղաների վրա որքան հնարավոր է երկար պահելով այս ճնշումը: Մի բան պետք է հաշվի առել, որ տղաները դրանից չեն վախենում և նրա համար ավելի լավ է, որ ինքը հրաժարվի այդ քաղաքականությունից և թեկուզ իր չեղած իմիջը փրկելու, կամ գոնե ինչ-որ չափով լավացնելու համար արագորեն ընդունի այն որոշումները՝ շնորհիվ որոնց Տիգրան Առաքելյանին կտեսնեք ազատության մեջ: Ես վստահ եմ, որ շուտով դա լինելու է»,- նշեց Զուրաբյանը:

 

Նախորդ հոդվածը‘Դրամա Իսրայելում. Պորտուգալիան փրկեց խաղը’
Հաջորդ հոդվածը‘Ավագանու ընտրություններին ընդառաջ Երևանում գրանցում են գյուղի բնակիչներին (Տեսանյութ)’