‘
«Բողոքի անատոմիա-2» ֆիլմում օգտագործված տեսանյութերի հետազոտության արդյունքում հարուցված քրեական գործով անցնող Լեոնիդ Ռազվոզժաևը հանդես է եկել մեղայականով, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով քննչական ծառայության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
«Հոկտեմբերին 21-ին դաշնային հետախուզման մեջ գտնվող Ռազվոզժաևը խոստովանությամբ ներկայացել է քննչական ծառայություն»,- ասվում է ծառայության ներկայացուցչի հաղորդագրությունում:
Ռազվոզժաևն իր ներկայացրած մեղայականում պատմում է իր, նույն գործով անցնող Ս. Ուդալցովի, Կ. Լեբեդևի և այլոց կողմից ՌԴ տարածքում զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին: Փաստաթղթից կարելի է եզրակացնել, որ անկարգությունների ֆինանսավորումը իրականացրել է Գիվի Թարգամաձեն:
«Մեղայականում ներկայացված ողջ տեղեկատվությունը մանրամասն քննության կենթարկվի»,- ասել է Մարկինը:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում ավելի վաղ ձերբակալվել էր «Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման համակարգող Կոնստանտին Լեբեդևը, իսկ Սերգեյ Ուդալցովը ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ:
‘