‘Բողոքի ցույցերը կարող են վերաճել համազգային գործադուլի. Մետրոն ոտքի է ելել (տեսանյութ)’

1845

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման դեմ այսօր բողոքի ցույց են իրականացրել Երեւանի Մետրոպոլիտենի աշխատակիցները:

Շուրջ 50 ցուցարարներ նամակ են փոխանցել Մետրոպոլիտենի ղեկավարությանը, որով պահանջում են աշխատավարձերից հարկադիր պահումներ չանել: Ըստ ցուցարարների՝ եթե ղեկավարությունը ընդառաջ չգնա իրենց պահանջներին, ստիպված են լինելու ծայրահեղ քայլերի դիմել:  

«Վաղը-մյուս օր կառավարությունը կփոխվի, ի՞նչ իմանանք, մեր փողերի հետ ինչ կկատարվի: Եթե ժամանակին մարդկանց փողերը տային, հավատ կլիներ: Կառավարությանը նստածներին նայեք, ո՞ր մեկին հավատաս: Եթե լավ բան լիներ, պարտադիր չէր լինի», — ասում է ցուցարարներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայն չեն, որ պարտադիր կուտակայինի պահումները փոխհատուցելու պատրվակով բարձրացնեն աշխատավարձերը. «Էսօր բարձրացնում են, վաղը նույն հաջողությամբ կարող են իջեցնել», — նշում են նրանք:  

 «Դեմ եմ» թիմի անդամների համոզմամբ՝ եթե Կառավարությունն ականջ չդնի քաղաքացիների պահանջներին, վաղ թե ուշ այս բողոքները վերաճելու են համազգային գործադուլի: Հիշեցնենք, որ օրերս ընդդեմ պարտադիրի ցույց են կազմակերպել նաեւ Երկաթուղու աշխատակիցները:

«Ինչ ուզում եք՝ սրա անունը դրեք: Փաստացի՝ սա աշխատավարձերի իջեցում է: Այդ 7-14 հազար դրամով մարդիկ երեխաների համար տակդիր կամ սնունդ կարող են գնել», — նշում են նրանք:

Մետրոպոլիտենի շուրջ 1400 աշխատակիցներից մոտ 200-ը 1974 թվականից հետո ծնվածներ են, նրանցից բողոքի են դուրս եկել շուրջ 50 հոգի, մյուսներն էլ, ըստ ցուցարարների, աշխատանքի մեջ են, բայց սատարում են բողոքը:

Մանրամասները` CivilNet-ի տեսանյութում. 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ազատությունը երկու դեմք ունի’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մաթեւոսյանն այսօր կդառնար 79 տարեկան’