‘
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է ավելի քան 250 մարդ: Վիրավորների թվում են ընդդիմության երկու առաջնորդներ:
«Մենք փողոց ենք դուրս եկել, քանի որ կառավարությունը դեմոկրատիայի առջև փակել է բոլոր դռները, ահա թե ինչու ենք մենք այստեղ: Ուտելիք չկա, դեղորայք չկա, և այդ ամենին ի հավելումն՝ Մադուրոն ուզում է մարդկանց արգելել քվեարկել: Ուրիշ ի՞նչ է մեզ մնում անել: Մենք բողոքում ենք: Եվ ինչպիսի՞ն է իշխանության արձագանքը: Երեկ պաշտպանության նախարարը հայտարարեց, թե բանակը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ի՛նչ ասես, ահա՛ նրանք կանգնած են»,- ասել է ընդդիմության ղեկավարներից մեկը՝ քաղաքական գործիչ Էնրիկե Կապրիլեսը:
Մինչդեռ նախագահ Մադուրոն սահմանադրությունը փոխելու կոչ է անում՝ պնդելով, որ միայն դա կարող է խաղաղություն հաստատել Վենեսուելայում: Մադուրոն ընդգծված հակաամերիկյան տրամադրվածություն ունի: «Հիմա մենք գործ ունենք ավելի վատ կառավարության հետ, քան Բարաք Օբամայի ժամանակ էր: Դա Դոնալդ Թրամփի կառավարությունն է: Նրանք այնտեղ արդեն հրաման են արձակել բոլոր աջ յանկիներին՝ ոչնչացնել Վենեսուելան և այն խժռելու նետել օտարերկրյա նվաճողներին: Մենք դե՛մ ենք: Մենք կդիմադրենք՝ հանուն այս երկրի ապագայի, եթե անգամ դա մեր կյանքն արժենա»:
Վենեսուելայում փողոցային ցույցերի սկզբից ի վեր զոհվել է առնվազն 60 մարդ:
Իշխանությունները նախատեսում են կառավարման փոփոխություններ անցկացնել մինչև հուլիսի վերջը:
Փոխանցում է euronews-ը:
‘