‘Բողոքի ցույց Ռումինիայում՝ ընդդեմ նախագահի վիրավորական արտահայտությունների’

828

Բուխարեստում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի՝ երկրում ծնելիության վերաբերյալ արված վիրավորական արտահայտությունների: «Ես ձեզ կոչ եմ անում ծնե՛լ: Կարծում եմ, որ այս խնդրով կարող են մտահոգվել նաև ռումինացի կանայք, այլ ոչ թե միայն գնչուհիները, որոնցից յուրաքանչյուրը 3-4 երեխա ունի»,- ասել է Բասեսկուն՝ ելույթ ունենալով կանանց հետ Business Woman ամսագրի կազմակերպած հանդիպմանը: Նա վիճակագրական տվյալներ է բերել, որոնց համաձայն՝ ծնելիության ներկա տեմպերով  Ռումինիայի բնակչությունը մինչև 2030 թ. սրընթաց կնվազի մեկ քառորդով՝ 20 միլիոնից հասնելով 15 միլիոնի:

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նման համեմատությունը վիրավորական են համարում: Համատեղ հայտարարության տեքստում, որը նրանք ուղարկել են Բասեսկուին, ասված է.«Նախագահի արտահայտությունները հարձակումներ են քաղաքացիների արժանապատվության վրա, պարունակում են մի շարք խտրական պնդումներ քաղաքացիների տարբեր խմբերի վերաբերյալ և քաղաքական գործչի վարքի կանոնների ու պատասխանատվության կոպտագույն խախտումներ են»:

Բասեսկուն, որ մինչ քաղաքականություն մտնելը եղել է հեռավոր նավարկության նավապետ և լավ գիտի կծու խոսքի արժեքը, մեկ անգամ չէ, որ իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություններ անել ինչպես գնչուների, այնպես էլ իր ընդդիմախոսների հասցեին, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի պատմության ընթացքում կայացվել է առաջին դատավճիռը ցեղասպանության մեղադրանքով’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա-Թաիթի՝ Ուղիղ’