‘
Մի խումբ քաղաքացիներ վաղը՝ օգոստոսի 27-ին նախաձեռնել են ոստիկանության «զանգվածային ռեպրեսիայի դեմ» բողոքի ցույց անցկացնել ՀՀ ոստիկանության շենքի դիմաց, այնուհետև երթով շարժվել դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
Ֆեյսբուքում ստեղծված «Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» իրադարձության էջում տեղադրված հաղորդագրության մեջ գրված է.
«Սույն թ-ի օգոստոսի 24-ին ցերեկը 26 հոգի բերման է ենթարկվել Կոմիտաս 5-ից, 16 հոգի էլ երեկոյան քաղաքապետարանի մոտից։ Այսինքն՝ ընդհանուր հաշվով մի օրվա մեջ առանց իրավական հիմնավորման ոստիկանությունը 40-ից ավել մարդու բերման է ենթարկել ոստիկանական բաժանմունք և երեք ժամ, երբեմն անգամ ավել, նրանց պահել անազատության մեջ։ Բացի դրանից ոստիկանությունը բռնություններ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան լուրջ մարմնական վնասվածքներով քաղաքացիներ, նրանց թվում՝ Արգիշտի Կիվիրյանը։ Սա հստակ ՌԵՊՐԵՍԻԱ է, որն արվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ։ Ավելին, ոստիկանության անգործության պայմաններում քաղաքապետարանի հարակից տարածքում Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին կեսգիշերն անց ծեծի են ենթարկել անհայտ անձինք՝ ասելով «մեր հերերի դե՞մ եք հելել»։
Հանրությունը կտա ոստիկանների անօրինական գործողությունների և քաղաքական ռեպրեսիայի պատասխանը, որի առիթով օգոստոսի 27-ին, երեքշաբթի օրը,12:30-ին տեղի կունենա ցույց Նալբանդյանի վրա գտնվող ոստիկանության դիմաց, այնուհետև՝ երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն»։
‘