‘Բոստանջյան. ՄՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու Անկարայի մտադրությունը Հայաստանի համար աղոտ հեռանկար ունի’

716

Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու Անկարայի մտադրությունը Հայաստանի համար աղոտ հեռանկար ունի: Այս մասին հայտնել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Դժվար է մեկնաբանել նման համագործակցության հեռանկարները Հայաստանի համար, քանի որ ազատ առևտրի գոտու ստեղծման վայրն ու պայմանները հայտնի չեն: Բացի այդ, դեռ պարզ չեն ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները, որի երկրները նորանոր պայմաններ են առաջ քաշում մեզ համար», — ասել է նա:

Բոստանջյանը նշել է, որ ազատ առևտրի գոտիները, որպես կանոն, ստեղծվում են բիզնեսի զարգացման համար բարենպաստ տարածքում` ենթակառուցվածքի և հարկերի առումով: Ընդ որում` պարտադիր չէ, որ Թուրքիան պաշտոնապես բացի Հայաստանի հետ սահմանը, ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ օրերս ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Թուրքիան նախաձեռնել է Մաքսային միության` Ռուսաստանի,  Բելառուսի և Ղազախստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Սիդնեյում G20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում իր թուրք գործընկեր Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո: Ուլյուկաևի ասելով, հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ձևերը, այդ թվում` Մաքսային միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը: «Պայմանավորվել ենք ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և սեպտեմբերին սկսել այդ հնարավորությունների և հեռանկարների առավել մանրամասն քննարկում», — ասել է Ուլյուկաևը: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության պետի տեղակալը ԱԺ-ում ոչ հավաստի տեղեկություններ էր հայտնել ‘