‘Բորդյուժա. Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ ՀԱՊԿ զինված արձագանքն անհնար է’

1155

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2014 թ. ընթացքում և մինչ այդ բազմիցս հայտարարություններ է տարածել հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: Այդ մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, «Ռոսիա սեգոդնյա» գործակալության մամուլի սրահում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այդ հայտարարությունները, հիշեցրել է Բորդյուժան, հակամարտության`  բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման կոչեր են պարունակել: Պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով իրավիճակի սրմանը` գլխավոր քարտուղարն ասել է, որ 2014 թ. ընթացքում և մինչ այդ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարություններ են տարածել հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ. «Այդ հայտարարություններում մենք մեր բացահայտ դիրքորոշումն ենք հայտնել: Դուք մեզանից զինված արձագանք եք սպասու՞մ: Ոչ, դա հնարավոր չէ և հակասում է ՀԱՊԿ կանոնադրությանը: Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Համանախագահող երկրներն աշխատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, անցած տարի Ռուսաստանը նախագահել է կազմակերպությունում: Անցած տարվա օգոստոսին Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դա նաև ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումն է»:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ»՝ համակարգաստեղծ կառույց և հանրապետության արդյունաբերության վերջին մոհիկանը’
Հաջորդ հոդվածը‘Օդաչու Նադեժդա Սավչենկոյի դեմ Ռուսաստանում նոր գործ է հարուցվել’