‘
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը խորհրդարանում քննարկումների ընթացքում համաձայնել է այն պնդմանը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որ տեղի է ունենալու Ռուսաստանում, օգտագործում է որպես «փիառ», ճիշտ այնպես, ինչպես Ադոլֆ Հիտլերն էր օգտագործում Գերմանիայում 1936 թ. Օլիմպիադան:
Ելույթ ունենալով խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի առջև՝ Ջոնսոնը համաձայնել է լեյբորիստ պատգամավոր Իեն Օսթինի կարծիքին, թե Պուտինն առաջնության միջոցով ուզում է «փայլ հաղորդել Ռուսաստանի դաժան ու կոռումպացված ռեժիմին»: «Ցավոք՝ դա բացարձակ ճիշտ է, բացարձակ ճիշտ»,- ասել է Ջոնսոնը, ապա հավելել, որ պետք է ռուսաստանյան կողմի հետ շտապ քննարկել ֆուտբոլի երկրպագուների անվտանգության հարցը, ովքեր կցանկանան ներկա գտնվել խաղերին:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, Ջոնսոնին մեղադրել է ի դեմս Ռուսաստանի՝ թշնամու կերպար ստեղծելու և աշխարհի առաջնությունը բոյկոտելու քաղաքականություն վարելու մեջ:
1936 թ. Օլիմպիադան անցկացվել է Բեռլինում, Գերմանիայում նացիստների իշխանության օրոք: Դա վերջին Օլիմպիադան էր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ: Նացիստական վարչակազմն այն վերածեց հսկայական քարոզչական շոուի, որը կոչված էր ցուցադրել Գերմանիայի նվաճումները Հիտլերի օրոք:
Փոխանցում է BBC-ն:
‘