‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն ՈւԵՖԱ-ին կոչ է արել որակազրկել «Մանչեսթեր Սիթիին», տեղեկացնում է Inside World Football-ը:
Վացկեի կարծիքով, «քաղաքաբնակները» ֆինանսավորման հարցում անազնիվ ճանապարհով մեծ առավելություն են ստանում այլ ակումբների նկատմամբ:
«ՈւԵՖԱ-ն պետք է նշի այն կարմիր գիծը, որը բաժանում է հովանավորությունը եւ այսպես կոչված «ստվերային» ֆինանսավորումը: ՈւԵՖԱ-ն պետք է սովորի բնավորություն ցույց տալ, եւ, եթե դա անհրաժեշտ է, վռնդել մեծ ակումբներին»,- ասել է Վացկեն:
Նա նաեւ ավելացրել է, որ եթե ՈւԵՖԱ-ն հետագայում էլ շարունակի աչք փակել «Սիթիում» տեղի ունեցող երեւույթներին, ապա ֆինանսական Ֆեյր Փլեյ-ի կենսագործման մասին կարելի է մոռանալ:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի կողմից հռչակված Ֆեյր Փլեյ-ի համաձայն, եվրոպական ակումբները իրավունք չունեն ավելին ծախսել, քան եկամուտներն են:
‘