‘
Ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշարի հետագա պայքարից:
1/8 եզրափակիչում Միրչա Լուչեսկուի թիմի ճանապարհին կանգնեց Դորտմունդի «Բորոսիան», որը պատասխան խաղում ոչ մի շանս չտվեց ուկրաինական ֆուտբոլի անվիճելի առաջատարին՝ հաղթելով 3:0 հաշվով:
Դորտմունդում կայացած խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» բրազիլացի պաշտպան Ֆելիպե Սանտանան, իսկ 6 րոպե անց գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը: Ընդմիջումից հետո Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին երրորդ գնդակն ուղարկեց «Շախտյորի» դարպասը՝ վերջակետ դնելով խաղին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մխիթարյանը վատ հանդիպում չանցկացրեց, սակայն նրա թիմը պարտվեց ավելի ուժեղ մրցակցի, հայտնում է Sport.News.am-ը:
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:
Նախորդ անգամ Դորտմունդի «Բորոսիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 1997/1998 մրցաշրջանում:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բորուսիա Դ.» – «Շախտյոր»` 3:0 (առաջին հանդիպում՝ 2:2)
Ֆելիպե Սանտանա, 31, Մարիո Գյոտցե, 37, Յակուբ Բլաշչիկովսկի, 59
‘