‘«Բորուսիա» Դորտմունդ — «Վոլֆսբուրգ». Խաղից առաջ’

791

Դեկտեմբերի  17, ժամը՝  23:00, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ

Մրցավար Տոբիաս Վելց

Գերմանիայի առաջնության հերթական տուրում Դորտմունդի «Բորուսիան» այսօր սեփական հարկի տակ ընդունելու է «Վոլֆսբուրգին»: Ընդհանրապես, այս թիմերի միջև տեղի ունեցած խաղերում շատ գնդակներ են խփվում: Ուստի կարելի է արդյունավետ խաղ սպասել կողմերից, թեև առանձին-առանձին վերցրած թիմերն այնքան էլ հավասար պայմաններում չեն մոտենում խաղին: Դորտմունդյան ակումբը 15 խաղափուլերի ընթացքում խփել է ընդամենը 15 գնդակ, իսկ «Վոլֆսբուրգը»՝ 29-ը: «Գայլերը» համեմատաբար ավելի քիչ են բաց թողել՝ ընդամենը 14 գոլ, Յուրգեն Կլոպի թիմը բաց է թողել 22 գնդակ:

Վերադառնալով թիմերի միջեւ կայացած խաղերին՝ նշենք, որ վերջին 7 խաղերում ընդհանուր հաշվով խփվել է 30 գոլ, որոնցից 19-ը խփել են դորտմունդցիները: Միջինը՝ երեք գոլ մեկ խաղում:

Դորտմունդի «Բորուսիան» հանդիպմանը մոտենում է կորուստներով: Բացի դրանից, թիմին չի բավարարում կայունությունը, ինչի պատճառով էլ հաջող ելույթին հաջորդում են պարտություններն ու միավորների կորուստները: Սա է պատճառը, որ Կլոպի թիմը կայացած խաղերից հետո հանգրվանել է 16-րդ տեղում, մինչդեռ իր ապագա մրցակիցը երկրորդ հորիզոնականում է և առաջատար «Բավարիայի» հիմնական հետապնդողն է այս պահին: Ճիշտ է, «Գայլերն» այս պահին 9 միավորով հետ են մնում մյունխենյան ակումբից: Մինչ այս պահը «Բորուսիան» տարել է 4 հաղթանակ և երկու անգամ ոչ-ոքի է խաղացել: Թիմը պայքարում է վերջինը չլինելու համար: Փոխարենը «Վոլֆսբուրգն» արդեն վեցերորդ տուրն է ընթանում է երկրորդ տեղով և  չի պատրաստվում նահանջել:

 

«Բորուսիան» սեփական հարկի տակ վերջին չորս խաղերից երեքն ավարտել է հաղթանակով, մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Անդերլեխտի» հետ: Իր հերթին «Վոլֆսբուրգը» արտագնա վերջին վեց խաղերից հինգն ավարտել է հաղթանակով: Թիմը պարտվել է միայն Հելզենկիրխենում՝ զիջելով «Շալկե 04»-ին:

Հարկ է նշել, որ այս խաղում Կլոպի թիմին չեն կարող օգնել Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսն ու Սոկրատիս Պապաստադոպուլոսը: «Գայլերի» կազմից հանդիպմանը չեն մասնակցի Օքսն ու Ֆելիպեն:

Վերջին երեք խաղերում «Բորուսիան» խաղացել է 4-1-4-1 մարտավարական սխեմայով, մինչդեռ նրա մրցակիցը սովորաբար օգտագործում է 4-2-3-1 մարտավարական սխեման:

Բունդեսլիգայի շրջանակներում կողմերի միջեւ կայացած  վերջին 34 խաղերից 18-ում հաջողությունն ուղեկցել է «Բորուսիային», 8 հանդիպում  ավարտվել է ոչ-ոքի և ընդամենը 8 անգամ հաղթանակ են տարել «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները: Սեփական հարկի տակ «Բորուսիան» հաղթել է «Վոլֆսբուրգին» 11 անգամ, խաղացել է 3 ոչ-ոքի և կրել է երեք պարտություն: Վերջին 10 խաղերում «Բորուսիան» կարողացել է գրավել «Վոլֆսբուրգի» դարպասը՝ ընհանուր հաշվով խփելով 25 գոլ: Իր պատմության մեջ «Վոլֆսբուրգը» Բունդեսլիգայում բոլորից շատ պարտվել է «Բավարիային», իսկ հետո «Բորուսիային»: Մյունխենյան ակումբը հաղթել է «Գայլերին» 27, իսկ «Բորուսիան», ինչպես արդեն նշեցինք, 18 անգամ: «Վոլֆսբուրգին» խփած գոլերի քանակով էլ «Բավարիան» գերազանցում է «Բորուսիային»՝ 77-ը 66-ի փոխարեն:   

«Բորուսիան» վերջին չորս խաղերում հաղթել է միայն մեկում, մինչդեռ «Վոլֆսբուրգը» վերջին 10 խաղերում պարտվել է ընդամենը մեկ անգամ: Միայն «Բավարիան» է ավելի շատ հաղթանակներ  տարել: Իսկ «Բորուսիան» ներկա պահին բոլորից շատ պարտություններ կրած թիմն է՝ 9 խաղ:

«Բորուսիան» սեփական հարկի ամենախոշոր հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին» 2011 թվականի նոյեմբերի 5-ին: Խաղն ավարտվել է 5:1 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Գյոտցեն, Կագավան, Բենդերն ու Լևանդովսկին: Մարիո Գյոտցեն դարձել է դուբլի հեղինակ: Հարկ է նշել, որ և՛ Գյոտցեն, և՛ Լեւանդովսկին արդեն թիմում չեն եւ գոլեր են խփում «Բավարիայի» կազմում:  

Հայտնի է, որ հանդիպման ժամանակ «Սիգնալ Իդունա Պարկը» լեփ-լեցուն է լինելու: Դորտմունդ կժամանեն 880 երկրպագուներ Վոլֆսբուրգից:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. Բարսելոնան» 8։1 գերխոշոր հաշվով հաղթեց «Ուեսկային» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կկայանա միջոցառում՝ նվիրված «Ղարաբաղ» Կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի հիշատակին’