‘Բուդաղյանների հայրը պնդում է, որ որդիների վրա կրակել է նախկին մարզպետի որդին’

1070

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր զարմանքն է արտահայտել մյուս որդուն՝ Արտակ Բուղադյանին մինչ օրս տուժող չճանաչելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին հնչած հայտարարությունների կապակցությամբ։ 
Մոտ 20 օր առաջ զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը նախաքննական մարմնին միջնորդել էր իրեն տուժող ճանաչել, սակայն նախաքննական մարմինը հետաձգել էր տուժող ճանաչելու որոշումը։ Մոտ երկու շաբաթ առաջ էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը չէր բացառել, որ Արտակ Բուդաղյանը կարող է գործում որպես մեղադրյալ ներգրավվել:

Էմիլ Բուդաղյանը ռադիոկայանին ասել է, որ դեպքը պատկերող չմոնտաժված տեսանյութով հերքվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակման վերաբերյալ պնդումները։
«Չմոնտաժված տեսանյութը շատ է տարբերվում ավելի վաղ հանրության սեփականությունը դարձած տեսանյութից: Հասարակությանը ուզում են ցույց տան, որ զինված հարձակում է։ Ես տեսել եմ մեքենաները ինչպես են գալիս, Լիսկա կոչեցյալը ոնց է իջնում մեքենայից և մտնում տուն, էդ թիկնապահները, էդ ժողովուրդը զինված սպասում են ինչ-որ մեկի գալուն։ Էդ մեկն էլ մեր Ավետիքն էր»,- ասել է Բուդաղյանը։ Հիշեցնենք, դեպքից մի քանի օր անց Սյունիքի մարզպետարանը հրապարակել էր, տուժող կողմի պնդմամբ, մոնտաժված տեսանյութի սղագրությունը։

Ռադիոկայանի հետ զրույցում Բուղադյանը պնդել է, որ որդիների վրա կրակել է նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը. -«Տիգրանը կրակում է, նշանառու ձևով Արտակին կպնում է, երկրորդ գնդակը կպնում է Ավետիքին, Ավետիքը ստիպված շուռ է գալիս ու իր զենքը հանում դրանց վրա… նոր Ավետիքին նորից 3-4 գնդակ կպնում է։ 5 գնդակ Ավետիքն է ստացել։ Ավետիքի վրա մի հոգի չի կրակել»։  

Նախորդ հոդվածը‘Բաֆեթը Բիլ Գեյթսի հիմնադրամին 2 միլիարդ դոլար է նվիրաբերել’
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հասունանում է Աղդամի ազատագրումը’