‘Բուդաղյանների հայր. Սա պետական հանցագործություն է ‘

1525

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը՝ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը, ազատ են արձակվել, ու նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը: 

Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «պետական հանցագործություն» է որակել Խաչատրյանի և Նիկողոսյանի ազատ արձակումը. «Որովհետև իրենց էդպես է ձեռք տալիս, հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես»,- ասել է նա։

Էմիլ Բուդաղյանը հիշեցրել է՝ նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որ «գործը արդար քննեն, ու ով մեղավոր է, պատժեն»: «Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները»,- դառնացած իր խոսքն է ավարտել Բուդաղյանը:

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ նշելով, թե դա կանի որոշումը պաշտոնապես ստանալուց հետո միայն: Ալումյանը, սակայն, ընդգծեց՝ իր և Բուդաղյանների համոզմունքն է՝ առնվազն Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը պետք է մեղավոր ճանաչվեն սպանության հատկանիշներով և դատապարտվեն: Բացի այդ, ըստ Ալումյանի՝ դեռևս կարիք կա պարզելու՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եղե՞լ է Բուդաղյանների ուղղությամբ կրակողների մեջ, թե՞ ոչ:

«Իսկ անկախ ամեն ինչից՝ արդեն այսօր քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով հիմքեր կան Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:

Նախորդ հոդվածը‘Բաթումի քաղաքում ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Կրիստիան Տելյո. Մարտինոն հեշտ ներգրավվեց մեր կազմում, նա դուր է գալիս խաղացողներին’