‘Բուլղարիայի բենզալցակայաններում ԻՊ-ի արտադրած վառելիք են վաճառում’

951

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման արտադրած բենզինը և դիզվառելիքը վաճառվում են Բուլղարիայի բենզալցակայաններում, հաղորդել է տեղական մամուլը՝ հղում անելով մաքսային ծառայության աղբյուրներին:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ ստուգումներ անցկացնելու պատճառ են դարձել Ռուսաստանի և ԱՄՆ-ի արբանյակային լուսանկարները, որոնց շնորհիվ բացահայտվել է մաքսանենգ վառելիքը Բուլղարիա տեղափոխելու սխեման:

Բենզինը Բուրգասի և Վառնայի նավահանգիստ են հասցնում տանկերները: Ըստ փաստաթղթերի՝ այն ստացվում է Հունաստանից և համարվում է ԵՄ-ի ներքին մատակարարում, սակայն պարզվել է, որ տանկերները կանգ են առնում թուրքական յոթ նավահանգիստներում՝ Սև և Միջերկրական ծովերում: Ենթադրվում է, որ հենց այդտեղ էլ դրանք բեռնվում են ԻՊ-ի արտադրած վառելիքով: Նշվում է, որ մաքսանենգ վառելիքն աչքի է ընկնում վատ որակով:

Հունվարի վերջին Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել էին «Իսլամական պետությունից» նավթ գնելու համար:

2015 թ. դեկտեմբերին Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը հաղորդել էր, թե կան նյութեր, որոնք հաստատում են, որ Թուրքիան վառելիք է ստանում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Նույն թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե հաստատվի, որ իր երկիրը վառելիք է գնում «Իսլամական պետությունից»: Հենց նույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը խոցվել է թուրքական ՌՕՈւ-ի կողմից՝ ԻՊ-ի նավթի մատակարարումը պաշտպանելու նպատակով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը’