‘Բուլղարիայի վարչապետը խոստովանել է, որ ԱԱԾ-ի ղեկավարի սխալ ընտրություն է կատարել’

653

Դելյան Պեևսկիին ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակելը սխալ էր: Այդ մասին այսօր տեղական հեռուստատեսությամբ խոստովանել է Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին:

Հունիսի 14-ին ԱԱԾ նախագահի պաշտոնում թուրքական էթնիկ փոքրամասնությունը ներկայացնող կուսակցության պատգամավոր Դելյան Պեևսկիի նշանակումը բողոքի բազմահազարանոց ակցիաների պատճառ էր դարձել ամբողջ Բուլղարիայում: Ու թեև Պեևսկին համաձայնել է հրաժարվել այդ պաշտոնից, երկրի խոշոր քաղաքներում ցույցերը, որոնք հստակ հակակառավարական բնույթ են ստանում, շարունակվում են: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարական, պետական կառավարման մոդելի փոփոխություն և նոր ընտրությունների անցկացում: ՆԳՆ-ի տվյալներով՝ կիրակի օրը ավելի քան 15 հազար մարդ է մասնակցել Սոֆիայի հանրահավաք-երթին, որի ընթացքում ցուցարարները  վանկարկել են «հրաժարակա՛ն», «մաֆիա՛»  և այլն: Չնայած բողոքի ակցիայի բազմամարդությանը՝ միջադեպեր չեն գրանցվել: Վառնայում նույնպես հակակառավարական ակցիա է անցկացվել գրեթե 2000 մարդու մասնակցությամբ:  Պլովդիվի կենտրոնում 3 հազարի չափ մարդ է հավաքվել՝ նոր կառավարության քաղաքականությանը անհամաձայնություն հայտնելու համար:

Բուլղարիայի վարչապետի մամլո ծառայությունը կիրակի օրը տարածել է վարչապետի հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: «Հասարակության արձագանքը ցույց տվեց, որ առաջարկված  թեկնածուն անընդունելի է: Օրենքն ինձ պարտավորեցնում է նոր թեկնածու առաջադրել, որը կարժանանա հանրության հավանությանը», փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկուն հաստատել է, որ Մխիթարյանը կարող է հեռանալ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Թու´թ կերեք, պարոնա´յք «վճռականներ»’