‘
Պլովդիվի միտրոպոլիտ Նիկոլայն իր ոսկե Rolex ժամացույցը նվիրաբերել է տեղի սուրբ Մարիամ եկեղեցուն, որպեսզի եկեղեցին կարողանա փակել էլեկտրաէներգիայի պարտքը, հաղորդում է բուլղարական Dnes.bg կայքը: Պլովդիվի եկեղեցուն ներկայացված էլեկտրաէներգիայի ծախսը հունվարի համար կազմել էր 2940 լև (մոտավորապես՝ 1,5 հազար եվրո), ինչը գրեթե չորս անգամ սովորականից շատ էր: Այսպես, 2012 թ. դեկտեմբերին եկեղեցին էլեկտրաէներգիայի համար վճարել էր ընդամենը 723 լև: Պլովդիվի թեմը էլեկտրաէներգիայի մատակարարին խնդրել էր ստուգել տվյալները, սակայն այդպես էլ պատասխան չէր ստացել: Բացի այդ՝ սուրբ Մարիամ եկեղեցում նվիրատվությունների հավաքագրման ինչ-ինչ խնդիրներ էին ծագել, ինչն զգալիորեն դժվարացրել էր վճարում կատարելը:
Եթե Rolex-ի համար հաջողվի ավելի շատ գումար ստանալ, քան էլէներգիայի ծախսն է, մնացած գումարը, Պլովդիվի միտրոպոլիտի խնդրանքով, կփոխանցվի բարեգործական հիմնադրամին: Ժամացույցի մոտավոր արժեքը չի նշվում:
Բուլղարիայում 2013 թ. հունվարից էլեկտրաէներգիայի գները գրեթե կրկնակի բարձրացան, ինչը փետրվարի կեսերին բողոքի զանգվածային ցույցեր հրահրեց երկրի տարբեր քաղաքներում: Սոֆիայում ցույցերն ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով, որոնց ընթացքում մի քանի հոգի վնասվածքներ ստացան: Դրանից հետո՝ փետրվարի 20-ին, երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարեց իր կառավարության հրաժարականը, հաղորդում է lenta.ru-ն:
‘