‘
Բուշերի ԱԷԿ-ում ռուսաստանցի փորձագետներն ավարտական թեստերի շարք են անցկացնում, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին, այսօր հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը: «Ներկայումս ԱԷԿ-ը թեստավորման փուլում է, անհրաժեշտ են ևս մի քանի թեստեր՝ մինչև ատոմակայանը կարողանա աշխատանքի նորմալ ռեժիմի անցնել»,- ասել է Աբասին: Նա մեկնաբանել է Բուշերի ԱԷԿ-ի փակման վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունները՝ պարզաբանելով ատոմակայանի ժամանակավոր փակման պատճառները: «ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով: Գեներատորի տուրբինի հետ կապված խնդիրներ կային: Ներկա պահին ռուսաստանցի մասնագետների խումբը անհրաժեշտ սարքավորումներն է նախապատրաստում՝ թեստավորումը շարունակելու համար»,- ասել է Աբասին, փոխանցում է Trend-ը:
‘