‘Բուշի դեմ մահափորձ կատարելու համար դատապարտվածի մայրը շարունակում է վիճարկել դատավճիռը’

649

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ Վրաստանում մահափորձ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վլադիմիր Հարությունյանի դատավճիռը չի վերանայվի: Այս մասին հայտնել է Հարությունյանի մայրը՝ վկայակոչելով արդարադատության նախարարությունից ստացած նամակը: «Հունվարի 4-ին ես նամակ էի ուղարկել՝ պահանջելով ազատ արձակել որդուս, սակայն պատասխան ստացա, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել և վերանայման ենթակա չէ»,- ասել է նա, փոխանցում է Грузия Online-ը: Մայրը համոզված է, որ իր որդին մեղավոր չէ: «Նա քաղբանտարկյալ է, և ես կրկին կպահանջեմ վերանայել նրա գործը և կկցեմ դեպքի վայրում եղած ոստիկանների ցուցմունքները, որոնք հերքում են նռնակ նետելու փաստը: Իմ որդին ոչ մի վատ բան չի արել Վրաստանին»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Վաշլիջվարի արվարձանի 27-ամյա բնակիչ Վլադիմիր Հարությունյանը ձերբակալվել է 2005 թ.՝ Թբիլիսիի Ազատության հրապարակում 2004 թ. մայիսի 10-ին նռնակ նետելու կասկածանքով՝ այն պահին, երբ այնտեղ ելույթ էր ունենում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի՝ Հարությունյանը տուն վերադառնալիս ավտոմատից կրակ էր բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ և սպանել ՆԳՆ հակաահաբեկչական կենտրոնի բաժանմունքներից մեկի պետին: Պատասխան կրակի արդյունքում Հարությունյանը վիրավորվել էր ու փորձել էր թաքնվել, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում հայ լրագրող է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Կոչ Սերժ Սարգսյանին. «Մի քիչ թող խորհի՛, թող քաղաքական վերլուծություն անի». Մամուլ’