‘Բուրկհալտերը եւ Սարգսյանը հանդիպել են’

1525

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները:

Սարգսյանը ընդգծել է, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև երկրում հյուրընկալվում է բարեկամ և վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը: «Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները»,- նշել է բա:

Դիդիե Բուրկհալտերը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո: «Բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն»,- շեշտել է ԵԱՀԿ նախագահը:

Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: 
  

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2014-ի բացման արարողությունը տեղի կունենա տանիքը կիսատ կառուցած մարզադաշտում’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը՝ Կոմիտաս 5-ի մասին. քաղաքաշինական նորմերը պահպանված են’