‘Բուֆոնի հուզիչ նամակը.«Ես երդվել եմ պաշտպանել ձեզ» ‘

946

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով նախօրեին Իտալիայի առաջնությունում ամենաերկար «չոր» շարքի ռեկորդակիր է դարձել, նամակ է գրել դարպասներին, որը հրապարակել է «Facebook»-ի իր պաշտոնական էջում:

«Ես 12 տարեկան էի, երբ ձեզ մեջքով շրջվեցի: Հանուն ապահով ապագայի մոռացա իմ անցյալը: Դա սրտի ընտրություն էր, որ հիմված էր բնազդի վրա: Հենց այն օրվանից, երբ ես դադարեցի նայել ձեզ, սկսեցի սիրել ձեզ: Սիրեցի ձեզ պաշտպանելու համար, որպեսզի լինեի պաշտպանության առաջին և վերջին գիծը: Ինքս ինձ խոստացա անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այլևս ձեզ առերես չհանդիպեմ, որպեսզի հայացքներով չփոխանակվենք կամ էլ դա հնարավորինս քիչ լինի: Ամեն անգամ, երբ նման բան է պատահում, ես ցավ եմ զգում, որ հուսախաբ եմ արել ձեզ:

Եվ ամեն դեպքում, մենք միշտ հակադրություններ ենք եղել, բայց միևնույն ժամանակ լրացրել ենք իրար, ինչպես լուսինը և արևը: Մենք ստիպված ենք ապրել կողք-կողքի՝ իրար դիպչելու հնարավորություն չունենալով: Ես իմ ընտրությունն արել եմ ավելի քան 25 տարի առաջ: Ես երդվել եմ պաշտպանել ձեզ: Ես դարձել եմ ձեր վահանը թշնամիներից պաշտպանելու համար: Ես միշտ մտածել եմ ձեր մասին՝ սեփական շահերս երկրորդական համարելով:

Ես 12 տարեկան էի, երբ մեջքով շրջվեցի ձեզ, և կշարունակեմ պաշտպանել ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ ոտքերս, գլուխս և սիրտս թույլ են տալիս անել դա»,-գրել է Բուֆոնը:

Նախորդ հոդվածը‘Գորիսի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվել են, դատախազն ու քննչական կոմիտեի պետը դեռ աշխատում են’
Հաջորդ հոդվածը‘Փոփոխություններ WTA վարկանիշային աղյուսակում’