‘Բուֆոն. «Իտալական ֆուտբոլի պարտության առաջին քայլը կատարված է»’

909

Calcio dello Stivale-ը հարցազրույց է տեղադրել ֆուտբոլային լեգենդ, Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ: 

— Վերադառնալով արձակուրդից, Դուք աշխատանքի անցաք նոր մարզչի ղեկավարությամբ, որի մեթոդները արմատապես տարբերվում են Անտոնիո Կոնտիի կիրառած մեթոդներից: Ինչպե՞ս է անցնում հեղափոխությունը «Յուվենտուս»-ում:

— Կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք ինչ-որ պահի պետք է անպայման լինեին: Մենք հոյակապ ու տպավորիչ հաջողությունների ժամանակաշրջան ենք ունեցել, սակայն նոր պարբերաշրջանի անցնելու պահանջը ինչ-որ իմաստով արդեն ֆիզիոլոգիական էր:

— Կոնտեի ժամանակ թիմում գրեթե զինվորական կարգեր էին, Ալեգրին ավելի մեղմ մարզիչ է: Սա կտրուկ շրջադարձ է:

— Ամեն մարդ իր բնավորությունն ունի: Հաջողության հասնելու ոչ մի կոնկրետ բանաձև գոյություն չունի, այլապես բոլորը այն կընդоրինակեին: Կա «դիկտատոր» վան Գալը, իսկ Կառլո Անչելոտին փորձում է լավ հարաբերություններ ստեղծել բոլոր ֆուտբոլիստների հետ: Սակայն երկուսն էլ հաղթանակող մարզիչներ են:

— Եվ մարզիչների ո՞ր պահելաձևն է քեզ հոգեհարազատ:

— Երկու դեպքներն էլ ունեն իրենց առավելությունները: Ես լավ կրթություն և դաստիարակություն եմ ստացել և ըմբռնումով եմ մոտենում այն մասնագետներին, ովքեր ուզում են, որ իրենց իշխանությունն ու ազդեցությունը զգալի լինի: Այստեղ արդեն ամեն ինչ կախված է ֆուտբոլիստից.պետք է հասկանալ ինչպես շփվել մարզչի հետ:Անչելոտին կարծում է, որ փոխհամաձայնությունը պետք է լինի թիմի ներսում, ոչ թե դրանից դուրս: Ալեգրին նույնպես այդպես է մտածում, և դա ինձ դուր է գալիս: Եթե ֆուտբոլիստ մոտիվացիա ունի, ապա լավ հարաբերությունները մարզչի հետ կարող է оգնել նրան բացվելու և իրեն ավելի լավ դրսևորելու:

-«Յուվենտուս»-ի երկրպագուների մի մասը կարծում է, որ Կոնտեի հեռացումը ակումբի մայրամուտի սկիզբն է:

-Դժվար է գտնել այն բառերը, որոնցով կարելի է բնութագրել, թե որքան մեծ է թիմի վերածնման գործում Կոնտեի ավանդը: Բայց «Յուվենտուս»-ի երկրպագուները պետք է հասկանան, որ խոսքը ակումբի, նրա սեփական ձեռագրի ու ոճի մասին է, իսկ մարզիչները կարող են փոխվել:

— Տոտին ասել է, որ եկել է «Ռոմա»-ի հաղթելու ժամանակը: Կպատասխանե՞ս դու նրան:

-Ես կարող եմ հասկանալ նրան: Անցած մրցաշրջանից հետո «Ռոմա»-ի ֆուտբոլիստները շատ ոգևորված են, նրանք հասկանում են, որ պետք է պայքարեն չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Բացի դրանից, թիմը ուժեղացրել է իր կազմը: Բայց առաջնության մեկնարկին, բոլորն էլ հավասարաչափ հնարավորություններ ունեն:
— Չեմպիոնների լիգան էլիտար մրցաշար է, ինչպես ընդգծում էր Կոնտեն, թե՞ շոշափելի նպատակ:

-Եվրոգավաթներում մեծ դերակատարում ունեն ֆինանսները և ճիշտ ներդրումները: Նրանք, ովքեր կարողանում են ծախսել՝ չխնայելով յուրաքանչյուր կոպեկը, անկասկած, առավելություն ունեն: Բայց, միևնույն ժամանակ, մենք տեսանք, որ եզրափակիչ դուրս եկան «Բորուսիան» և «Ատլետիկոն», որոնք գրանդ ակումբներ չեն և պարկերով դրամ չունեն: Դա անսպասելի էր և այդպիսի բաներ երբեմն պատահում են: Թեև տարоրինկ է խոսել «Յուվենտուսի»՝ եզրափակչում հայտնվելու մասին որպես անսպասելի ինչ-որ երևութ:

— Ամեն դեպքում, անսպասելի կլինի եզրափակչում տեսնել իտալական ցանկացած թիմի:

— Ցավոք, այդպես էլ կա:.

— Աշխարհի առաջնությունում անհաջողությունից հետո, դու ասացիր, որ պետք է սկսել զրոյից…

— Ֆուտբոլի ապագան կախված է արմատական փոփոխություններից ու ճշգրիտ կազմված ծրագրերից: Այն մթնոլորտը, որ հիմա կա իտալական ֆուտբոլում, դեպի պարտություն տանող առաջին քայլն է:

— Դու՝ ինքդ քեզ ապագայում տեսնո՞ւմ ես ղեկավար պաշտոնում:

-Ով գիտե…կարծում եմ, որ ես բավականաչափ հեղինակություն ունեմ. չէ՞ որ շատ բանի եմ հասել իմ կարիերայի ընթացքում: Անհրաժեշտ է փորձ և ուսերին գլուխ ունենալ, որպեսզի ուրիշների ձեռքին խամաճիկ չդառնաս:

— Դու արդեն վերագտել ես քեզ աշխարհի առաջնությունից հետո:

-Գիտեք, իմ մարզաշապիկը չէր թրջվել արցունքներից, բայց հոգումս անսահման տխրություն կար:

— Դա երևի ավելի ծանր է, քան արտասվելը:

— Այդպես էլ կա: Ես այն ֆուտբոլիստներից եմ, որոնք պարտությունը շատ ծանր են տանում: Բրազիլիայում մենք տանուլ տվեցինք ամեն ինչ, բաց թողեցինք մեզանով հպարտանալու հնարավորությունը և չկարողացանք բարձր պահել մեր երկրի պատիվը: Ինձ համար դժվար է խոսել պատճառների մասին, բայց ես համաձայն եմ դե Ռոսիի հետ՝ հաղթում են իսկական խաղացողները, այլ ոչ թե Panini կպչուն պիտակները:

— Ակնարկում եք Բալոտելիի՞ն:

— Երբ Մունդիալից հետո հարցազրույց էի տալիս, ես նկատի չունեին հենց նրան: Պետք չէ ինչ-որ մեկին քավության նոխազ դարձնել: Ինձ դուր չի գալիս, թե ինչպես են իրենց պահում մեր լրատվամիջոցները. բարձրացնում են երիտասարդ խաղացողներին մինչև երկինք, այն դեպքում, երբ նրանք դեռևս ոչնչի չեն հասել: Դեռևս 2010-թվականին ես ասում էի, որ հավաքականին նոր դեմքեր են հարկավոր: Իսկ որտե՞ղ են նրանք: Պիռլոն՝մեր ամենաուժեղ ֆուտբոլիստը, պետք է տանը նստի, որպեսզի խաղա ինչ-որ երիտասարդ: Ես համաձայն չեմ երիտասարդներից աստղեր կերտելու այս միտումին: Այդպիսով, ուղղակի բարձրացնում են նրանց գինը, ուրիշ ոչինչ:

— Հազիվ թե քեզ ուրախացրած լինի Բալոտելիի հրացանով լուսանկարը, որը հրատարակվեց Բրազիլիայից վերադառնալուց քիչ անց:

— Ինձ երբեք էլ չի հետաքրքրել, թե ինչ են անում նրանք, ում հետ ես ֆուտբոլ եմ խաղում ազատ ժամանակ: Ես էլ երիտասարդ տարիներին ինձ շատ բան եմ թույլ տվել, սակայն երբեք հուսախաբ չեմ արել դաշտում: Հուսալիություն՝ ահա սա է ամենակարևորը:

— Դու տեսնում ես Կոնտեին որպես հավաքականի մարզիչ:

— Նա ստիպված պետք է լինի փոխելու աշխատանքի մեթոդները: Ակումբում նա շատ ժամանակ ուներ, որպեսզի նվիրվեր իր սիրելի գործին: Բայց հավաքականը նրա համար նոր մարտահրավեր կարող է դառնալ

— Դուք Պիռլոյի հետ կատակում էիք, երբ իմացաք, որ «Յուվենտուսի» մարզիչը Ալեգրին է լինելու:

— Բոլորը արձակուրդում էին, ժամանակ չկար: Բայց ես միշտ վստահ եմ եղել, որ մարդկանց մեջ եղած կոնֆլիկտները կարելի հարթել երբեմն մի նախադասությամբ, երբեմն էլ՝ կատակով:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյանը չի ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է բանաստեղծուհի Մետաքսեն ‘