‘Բռնապետները՝ իշխանափոխությունից հետո’

2708

Ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ բոլոր հեռուստակայանները ցուցադրեցին Յանուկովիչի հարստությունը ու դրան զուգահեռ՝ բոլոր այն երկրների նախկին ղեկավարների ունեցվածքը, ովքեր իրենց իշխանության օրոք թալանել են սեփական ժողովրդին, և ժողովուրդն իմացել է նրանց կատարած բոլոր հանցագործությունների մասին՝ նրանց իշխանությունից հեռացնելուց հետո:

Երբ ցանկացած երկրի ղեկավար ոչ թե պետական գործիչ է, այլ մտածում է իր և իր ընտանիքի անդամների հարստացման մասին, այդ երկիրը դատապարտված է կործանման՝ ինչքան էլ հարուստ կամ զարգացած երկիր լինի: Պարզապես զարգացած երկրներում թույլ չեն տալիս իշխանության գալ այնպիսի մարդկանց, ովքեր տառապում են ընչաքաղցությամբ, իսկ այդպիսիների հայտնաբերման դեպքում էլ՝ անմիջապես զրկում են իշխանությունից՝ երկիրը պատուհասից փրկելու համար:

Արցախյան պատերազմի հաղթանակները մեծապես կախված էին նրանից, որ այն ժամանակվա ՀՀ իշխանությունները որևէ կերպ չէին մտածում հարստանալու մասին, իսկ եթե այդպիսի դեպք գրանցվեր, ապա ճակատում այդ ամենը կիմացվեր, և այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ կստեղծվեր, որ որևէ մեկը չէր կարողանա կռվել: Նույնիսկ այսօրվա իշխանավորները, ովքեր անկախության առաջին տարիներին էլ էին պաշտոնավարում, անբարոյականություն էին համարում պետական պաշտոնյայի հարստացումը:

Այդ միայն իշխանափոխությունից հետո սկսվեց փոխվել արժեքային համակարգը, և պաշտոնյայի հարստանալը դարձավ օրինաչափություն:

Երբ այժմ համեմատում ենք Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների պաշտոնյաներին և այսօրվա իշխանավորներին, անհամատեղելի արդյունքներ ենք ունենում: Եթե Տեր-Պետրոսյանի օրոք որևէ մեկն ապօրինաբար հարստացած լիներ, հիմա հեռուստակայաններով ու մամուլով ամբողջ օրը այդ մասին կխոսեին, և վաղուց արդեն նրանց դատած կլինեին:

Իսկ հիմա հիշեք՝ ինչ եղավ 1998 թվականի իշխանափոխությունից հետո: Ապօրինաբար կալանավորեցին Աշոտ Բլեյանին՝ իբր դպրոցի կտուրի «շիֆերը» հափշտակելու համար, և մեկ էլ «Մազութի հանձնաժողով» ստեղծեցին, որն ապացուցեց  նախորդ իշխանությունների՝ որևէ կերպ այդ գործին ներգրավված չլինելը, դեռ ավելին՝ նրանք, ովքեր կասկածվում էին իբր թե մազութի թալինի մեջ, նոր եկած իշխանությունների մեջ դարձան բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչքան էլ խոսենք Տեր-Պետրոսյանի արժանիքների մասին, չմոռանանք՝ նրա ամենամեծ արժանիքը պետական մտածողությունն է. այն է՝ պետական գործիչը իրավունք չունի սեփական բարեկեցության ու հարստության մասին մտածել, որովհետև պետական պաշտոնյան  կոչված է ծառայելու պետությանը:

Եթե մարդ ցանկանում է փող աշխատել, նա ոչ թե պետք է պետական պաշտոններ զբաղեցնի, այլ կարող է հրաժարվել իր պաշտոնից ու գնալ իր համար բիզնես անել, որն իր մեջ որևէ դատապարտելի բան չի պարունակում: Իսկ միաժամանակ պաշտոնյա ու բիզնեսմեն լինելը ծնում է պետության բոլոր չարիքները:

Հիմա պատկերացրեք՝ Հայաստանում իշխանափոխություն լինի. ինչե՜ր կբացահայտվեն Սերժ Սարգսյանի կուտակած ունեցվածքի մասին:

Հենց այդտեղ էլ թաղված է շան գլուխը, պարզ է դառնում, թե ինչու մարդիկ չեն ուզում զիջել իշխանությունը և անգամ մարդկային զոհերի գնով ամեն ինչ անում են, որպեսզի պահեն այն: Եթե մարդն իր իշխանության օրոք որևէ հանցանք չի գործել, նրա համար իշխանություն պահելը կյանքի ու մահվան խնդիր չէ, քանի որ համոզված է, որ  իշխանությունից հեռանալու դեպքում էլ որևէ մեկը չի կարող նրան հանցագործության մեջ մեղադրել, իսկ ահա նրանք, ովքեր խրված են հանցագործությունների մեջ, ամեն ինչ կանեն, որպեսզի իշխանությունը պահեն:

Պատմության մեջ հայտնի չէ մի դեպք, երբ որևէ բռնապետի  հեռացնեն իշխանությունից, և նա ինչ-որ ժամանակ հետո ժողովրդական ալիքի աջակցությամբ փորձի գալ իշխանության: Դա  աբսուրդի ժանրից մի բան կլիներ, եթե ինչ-որ մեկը թալաներ սեփական ժողովրդին, իսկ որոշ ժամանակ անց նույն ժողովրդի հետ միասին պայքարեր նոր՝ բռնապետական իշխանությունների դեմ:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի՝ իշխանությությունից զրկվելու դեպքում քանի՞ հոգի կգտնվի, ով կպաշտպանի նրան, կամ էլ պատկերացնո՞ւմ եք, որ այդ ժամանակ ՀՀԿ-ն հանրահավաք անի, ու եթե անի էլ՝ քանի՞ հոգի կգնա այդ հանրահավաքին:

Բայց ինչո՞ւ եմ այսքան երկար-բարակ գրում. բոլորի համար ամեն ինչ պարզ է, պարզապես ներկայիս իշխանությունները իրենց հանցագործությունները կոծկելու համար փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների միջև, թե իբր բոլորն էլ երկիրը թալանել են, և դրա մեջ վատ բան չկա, ու ցավոք սրտի՝ մեր հասարակության մեջ քիչ չեն այն մտավոր հետամնացները, ովքեր առանց տարրական տրամաբանությունը գործի դնելու՝ հավատում են իշխանությունների կողմից տարածվող էժան քարոզչությանը:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները Տարոն Մարգարյանից պահանջում են վերացնել Ռուսաստանի դրոշները հանրային տրանսպորտից’
Հաջորդ հոդվածը‘Օբաման չի մասնակցի G8-ին, եթե Մոսկվան չնահանջի Ուկրաինայի հարցում’