‘«Բռնենք ճանապարհի համար պատասխանատու չինովնիկի ականջից». Վթարային իրավիճակ՝ Երեւան-Գյումրի ճանապարհին’

1389

Քաղաքացի Հայկ Սահակյանը «Ֆեյսբուքում» բարձրաձայնել է մի խնդիր, որը, թերեւս, ծանոթ է Երեւան-Գյումրի ճանապարհով հաճախակի երթեւեկող ցանկացած քաղաքացու:

«Հարգելի ընկերներ, սիրով և մեծագույն խանդավառությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ ակնհայտ մահից եմ պրծել (ինձ հետ՝ նաև տաղանդաշատ ու ապագայի նկատմամբ մեծ ու իրական հույսերով ու գաղափարներով տոգորված 3 երիտասարդ)՝ Գյումրի- Երևան ճանապարհին՝ Մաստարա չհասած հատվածում», — տեղեկացնում է Սահակյանը՝ մանրամասնելով, որ նշված հատվածում չափազանց վտանգավոր շրջադարձ կա, «որտեղ ոչ մի զգուշացնող նշան չկա, ճանապարհի եզրին էն երկաթ-բետոն բաներից չկա, որ գոնե դրանք պահեն մեզ, իսկ ճանապարհից ներքև միջին մեծության ձոր է»:

«Միայն վարորդի՝ նվաստիս ցուցաբերած անհավանական ջանքերի շնորհիվ ա, որ կարողացա պահել մեքենայի կառավարումն ու չհայտնվել ձորում, ընդ որում՝ հատելով հոծ գիծը, մտնելով հանդիպակաց գոտի, անցնելով նույնիսկ դա, հայտնվելով ճամփեզրի խճերի մեջ ու ձորը աչքովս տեսնելուց հետո,- նշում  քաղաքացին: — Եթե դիմացից մեքենա գար այդ ընթացքում, ապա այս ստատուսի փոխարեն՝ ֆեյսբուքի իմ էջում կգրվեր՝ մեռավ՝ ճանապարհի անվտանգության ապահովման համար պատասխանատու մի չինովնիկի (ստեղ լիքը, անհամար քֆուր կա՝ նվիրված այդ չինովնիկների մամաներին, պապաներին, եղած-չեղածներին, ունեցած-չունեցածներին)՝ իր գործին ոչ պատշաճ վերաբերմուք ցուցաբերելու պատճառով»:

Հայկ Սահակյանն առաջարկում է մատնանշել ՀՀ-ի տարածքում բոլոր վտանգավոր ճանապարհահատվածներն ու զբաղվել դրանց անվտանգության ապահովման հարցերով: «Բռնենք տվյալ մասի համար պատասխանատու չինովնիկի ականջից, քարշ տանք այդտեղ ու հասկացնենք, որ մի օր էլ իրանք կարողա մեռնեն՝ անհետ ու անհետևանք, ստիպենք, որ ապահովեն մեր անվտանգ երթևեկության իրավունքը», — եզրափակում է Հայկ Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը և իր աներձագը «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրներն են (փաստաթղթեր)’
Հաջորդ հոդվածը‘Գիշերը մութ է եղել, բայց չոր’