‘«ԲՏԱ բանկը» ֆինանսական խնդիրներ ունի’

221

«ԲՏԱ բանկը» շարունակում է անտեսել կանոնադրական կապիտալն ավելացնելու Կենտրոնական բանկի հանձնարարականները։ Բանկը կապիտալը չի ավելացրել ո՛չ 2011-ին, ո՛չ 2012-ին։ Աուդիտորական կազմակերպությունը գտնում է, որ այս «հանգամանքը վկայում է էական անորոշության առկայության մասին»։
 
«ԲՏԱ բանկի» 2012թ. ֆինանսական հաշվետվության աուդիտորական եզրակացությունում Ernst and Young աուդիտորական կազմակերպությունը նշել է, որ 2011թ. և 2012թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Կենտրոնական բանկն էական սահմանափակումներ է դրել «ԲՏԱ բանկի» գործունեության նկատմամբ։
 
Սահմանափակումները ներառում են նոր վարկերի տրամադրման և ներգրավվող ավանդների տոկոսադրույքների առավելագույն սահմանաչափերը, նոր մասնաճյուղերի բացման և կապակցված անձանց հետ որոշակի գործունեությունների իրականացումը, ինչպես նաև պարունակում բանկի կանոնադրական կապիտալի ավելացման հանձնարարական։
 
«2012թ. դեկտեմբերի դրությամբ բանկը չի բավարարել ՀՀ ԿԲ-ի հանձնարարականը՝ կանոնադրական կապիտալի ավելացման գծով։ Այս հանգամանքները վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել Բանկի հետագա գործունեության անընդհատությունը, ինչը նշանակում է, որ բնականոն գործունեության ընթացքում հնարավոր չի լինի իրացնել ակտիվները և մարել պարտավորությունները»,- նշել է աուդիտորական կազմակերպությունը։ Պարզ ասած՝ բանկը իրացվելիության խնդիր ունի։
 
Ըստ աուդիտորի՝ 2012թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա համար «ԲՏԱ բանկը» ստացել է Դ174 մլն-ի զուտ շահույթ (2011-ին՝ Դ206,913 մլն) և ունեցել է կապիտալի՝ ՀՀ ԿԲ-ի պահանջներին համապատասխան համարժեքության ցուցանիշ՝ 61,57%-ի չափով (2011-ին՝ 75,9%-ի չափով)։
 
«Բանկի ղեկավարությունը ակնկալում է, որ բանկը 2013թ.-ի ընթացքում կազատվի ՀՀ ԿԲ-ի սահմանափակումներից, քանի որ Բանկի կապիտալի ընդհանուր մակարդակը բավարար է իր գործունեությունը զարգացնելու համար»,- նշել է աուդիտորական կազմակերպությունը։
 
Անցած տարի բանկի հիմնական կապիտալը կազմել է Դ5,7 մլրդ, ընդհանուր կապիտալը՝ Դ6 մլրդ, ընդհանուր ռիսկային ակտիվների ծավալը՝ 8,7%։ ԿԲ-ի կողմից ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցության նվազագույն նորմատիվը սահմանված է 12%-ի մակարդակում։
 
Բանկի խնդիրները պայմանավորված են հիմնականում բանկի բաժնետերերի միջև ծագած վեճերով։ Բացի այդ, փախուստում է գտնվում «ԲՏԱ բանկի» (Ղազախստան) տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մուխտար Աբլազովը (Ղազախստանի իշխանությունները նրան մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ)։
 
Հաստանում «ԲՏԱ բանկի» բաժնետոմսերի 49%-ը պատկանում է մայր՝ «ԲՏԱ բանկին» (Ղազախստան), 31%-ը՝ «ԶՈԼ Բետալինգունդս ԳմբՀ»-ին, 16%-ը՝ «Մոբիլեքս Էներջի Լիմիթեդ»-ին, իսկ 4%-ը՝ «ԱՄԿ Ինվեստ նախագծաշինարարական ընկերությանը»:
 
Արմենակ Չատինյան 
 
civilnet.am
 
Ինչպես iLur.am-ին հայտնեց մեր աղբույրը Հայաստանի ԿԲ-ում, լուրջ խնդիրներ ունի նաև բանկի հայաստանյան տնօրեն Նուր Բակբերգենովը, որով հետաքրքրվում են Հայաստանի իրավապահները՝ բանկի կողմից տրված մի քանի խոշոր վարկերի և որոշ տեղեկատվության արտահոսքի հետ կապված: Բանկն ունի նաև կադրային լուրջ խնդիրներ, քանի որ տնօրենի կողմից ստեղծած անառողջ մթնոլորտի պատճառով բանկից որակյալ կադրերի լուրջ արտահոսք կա:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի փոխանցումը հնարավոր է միայն ՌԴ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո. ԱՆ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը կպահպանի Հրաչյա Հարությունյանի օրինական իրավունքները. ՌԴ ԱԳՆ’