‘Բրազիլիայի հետախուզությունը բարձրացրել է ահաբեկչության սպառնալիքի մակարդակը’

752

Փարիզի ահաբեկչություններից հետո բարձրացվել է 2016 թ. Ռիո-դե-Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի նկատմամբ ահաբեկչության սպառնալիքի մակարդակը: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի հետախուզական գործակալության հակաահաբեկչական վարչության տնօրեն Լուիզ Ալբերտու Սալաբերին:

«Մեր երկրում ահաբեկչական բջիջներ չկան, սակայն կան առանձին մարդիկ, որոնք կարող են որոշակի աջակցություն ցուցաբերել այդպիսի խմբերի կամ էլ նրանց համար պայմաններ ստեղծել»,-ասել է նա հինգշաբթի տված հարցազրույցում: Սալաբերին ընդգծել է, որ հետախուզությունը «ուշի ուշով հետևում է նման «միայնակ գայլերին», որոնք «ոչ մի ահաբեկչական կազմակերպության մեջ ընդգրկված չեն, սակայն տարված են ջիհադի գաղափարներով և համապատասխան կապեր ունեն»:

«Մենք պետք է Օլիմպիական խաղեր անցկացնենք (2016 թ. օգոստոսի 5-21-ը), որոնց ժամանելու են մարզիկներ, բարձրաստիճան հյուրեր և երկրպագուներ՝ այն երկրներից, որոնք ահաբեկիչների հիմնական թիրախներն են, և այդ ամենը մեծացնում է սպառնալիքի վտանգը»,- նշել է հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավարը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բոլիվիայում, Մոզամբիկում և Մալավիում ջրհեղեղների հետևանքով կան տասնյակ զոհեր’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ. Պերմյակովը Ավետիսյանների տուն է մտել՝ կոտրելով դռան ապակե բացվածքը’