‘Բրազիլիայի մերօրյա «ամազոնուհիները» փեսացու են փնտրում’

1409

Բրազիլիայի՝ բացառապես կանանցով բնակեցված Նոիվա դու Կորդեյրու քաղաքի բնակչուհիները դիմել են Երկիր մոլորակի տղամարդ բնակչությանը՝ առաջարկելով մշտական բնակության տեղափոխվել իրենց մոտ: Այս մասին հաղորդել է The Daily Star-ը:

Քաղաքում ապրում են 20-35 տարեկան ավելի քան 600 կանայք, որոնք ռոմանտիկ հարաբերություններ ունենալու և ամուսնանալու ցանկություն են հայտնել: Այդ մասին նրանք հավանական փեսացուներին տեղեկացրել են մամուլով և քաղաքի ֆեյսբուքյան էջով: Նոիվա դու Կորդեյրուի բնակչուհիներն ընդգծել են, որ հետաքրքրվում են միմիայն ամուրի տղամարդկանցով, ընդ որում՝ այնպիսի տղամարդկանցով, ովքեր պատրաստ են ընդունել իրենց կենսակերպը, ինչը, փաստորեն՝ մայրիշխանություն է:

Նոիվա դու Կորդեյրուի կանանց մի մասն ամուսնացած է և երեխաներ ունի, սակայն նրանց ամուսիններն ու որդիներն այլ քաղաքներում են ապրում և աշխատում, և ամուսիններից միայն մի քանիսին է թույլատրվում հանգստյան օրերին տուն վերադառնալ: Համայնքի չամուսնացած կանայք չեն կարող ամուսնանալ ամուսնացածների որդիների հետ, քանի որ շատ ընտանիքներ արդեն ազգակցական կապերի մեջ են, և նրանց սերունդներն իրար զարմիկ-զարմուհի են գալիս: Նիովա դու Կորդեյրուի երիտասարդ կանայք լրատվամիջոցներին պատմել են, որ իրենցից շատերը «արդեն քանի տարի է՝ չեն համբուրվել» և երազում են ամուսնանալ:

«Կանանց քաղաքի» կոչին արդեն արձագանքել են տղամարդիկ աշխարհի տարբեր ծայրերից՝ Բրազիլիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Պուերտո-Ռիկոյից և այլն:

Նոիվա դու Կորդեյրուն (Noiva do Cordeiro, պորտուգալերենից թարգմանած՝ «Կորդեյրուի հարսնացուներ» ) հիմնադրվել է 1891 թ. Մարիա Սենյորինյա դե Լիմայի կողմից, ով ստիպված է եղել հեռանալ ընտանիքից, երբ պարզվել է, որ նա դավաճանում է ամուսնուն, որի հետ իրեն ստիպողաբար էին ամուսնացրել: Երբ Լիման հեռանում է և հիմնում կանանց բնակավայր, նրան վտարում են նաև կաթոլիկ եկեղեցուց, իսկ հոգևորականներն էլ նզովում են նրա սերունդը՝ մինչև հինգերորդ պորտը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մուստաֆա Ջեմիլև. Ղրիմը Ռուսաստանի կազմում կմնա մինչև Պուտինի նախագահության ավարտը’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը քննարկել է մոտակա անելիքները (տեսանյութ)’