Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ հանդիպման ժամանակ կողմ է արտահայտվել աշխարհի առաջնությունը 2028 թվականից երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին։
«Աշխարհի գավաթը երկու տարին մեկ անցկացնելը լավ գաղափար է, իրագործումը կօգնի նաեւ տնտեսապես։ Չորս տարին շատ երկար ժամանակահատված է։
Առաջարկ է եղել նաեւ աշխարհի ակումբային առաջնությունն անցկացնել Աշխարհի գավաթի ձեւաչափով՝ 24 թիմերի մասնակցությամբ։ Այն նույնպես կարող է անցկացվել երկու տարին մեկ»,- Բրազիլիայի նախագահի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Աշխարհի առաջնությունը 1930 թվականից անցկացվում է չորս տարի մեկ։ 2022-ին այն կանցկացվի Քաթարում, 2026-ին՝ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում համատեղ։
