‘Բրազիլիայում բողոքի ցույցերը չեն մարում ‘

723

Բրազիլիայում հինգշաբթի՝ հունիսի 20-ին, մոտավորապես 800 հազար մարդ է մասնակցել բողոքի ցույցերին, տեղեկացնում է France-Presse գործակալությունը: Ամենամարդաշատ  ցույցերն անցել են Ռիո-դե-Ժանեյրոյում, որտեղ փողոց է դուրս եկել 300 հազար մարդ: Ընդհանուր առմամբ՝ ցույցեր են տեղի ունեցել երկրի մի քանի խոշոր քաղաքներում: Արձանագրվել են մի քանի բախումներ ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: Որոշ դեպքերում ցույցը ցրելու համար ոստիկանությունը դիմել է մահակների և արցունքաբեր գազի օգնությանը: Նշվում է, որ երկրի մայրաքաղաք Բրազիլիայում ցուցարարները փորձել են գրոհով վերցնել արտաքին գործերի նախարարության շենքը, սակայն ետ են մղվել ոստիկանական ուժերի կողմից: Բախումների ընթացքում տուժածների մասին չի հայտնվում, AFP-ն, սակայն, հայտնում է մեկ զոհված ցուցարարի մասին, որը մեքենայի տակ է ընկել:

Շարունակվող ցույցերի պատճառով Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հետաձգել է իր այցը Ճապոնիա, ինչը, BBC News-ի փոխանցմամբ, կարող է վկայել այն մասին, որ իշխանությունները լրջորեն մտահոգված են ստեղծված իրավիճակով:

Բրազիլիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երկու շաբաթ: Առիթը Սան-Պաուլուում և ապա՝ նաև մյուս քաղաքներում տրանսպորտի ուղեվարձի բարձրացումն էր, սակայն կամաց-կամաց ցուցարարների բողոքի շրջանակն ընդլայնվեց՝ ընդգրկելով կոռուպցիան, ցածր կենսամակարդակը, ոստիկանական կամայականությունները և նույնիսկ միջազգային մարզական միջոցառումները, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պարզվել է Լոռիում խոզերի անկման պատճառը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանական դասընթացներ Բրազիլիայում’